Մանկավարժական համալսարանում արդեն 9-րդ տարին անցկացվեց «Լավագույն ուսանող» ամենամյա մրցանակաբաշխությունը:
Միջոցառմանը ներկա էին Մոսկվայի մանկավարժական պետական համալսարանի ռեկտոր Ալեքսեյ Լուբկովը, պատվիրակության անդամներ, բուհի ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ:
Մանկավարժական համալսարանի Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ անցկացվող մրցույթի հաղթողն այս տարի Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող Նարեկ Սահակյան է:
Բուհի 10 ֆակուլտետներից նախապես ընտրվել էին լավագույն ուսանողները, որոնք պարգևատրվեցին նոթբուքերով, իսկ Մանկավարժականի 2018-ի «Լավագույն ուսանող»-ը կմեկնի Ֆինլանդիա:
«Մանկավարժական համալսարանի ուսանողները լավագույնն են, իսկ բեմում կանգնածները՝ լավագույններից լավագույնը»,-նշեց բուհի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանն ու շնորհավորեց ուսանողներին:
Եվրասիական միության մանկավարժական բուհերի ասոցիացիայի նախագահ, Մոսկվայի մանկավարժական պետական համալսարանի ռեկտոր Ալեքսեյ Լուբկովը համաձայնեց գործընկերոջ հետ՝ Մանկավարժական համալսարանի ուսանողները լավագույնն են և ավելին՝ ամենագեղեցիկը:
Ալեքսեյ Լուբկովը ուսանողներին մաղթեց բարեհաջող քննություններ, ամանորյա և սուրբծննդյան տոնական տրամադրություն և հավելեց. «Այսօր լուսավոր օր է. երկու բուհերի միջև կնքվեց համագործակցության հուշագիր, որը վերաբերում է նաև ձեզ: Պահպանեք այն և հիշեք գլխավորը՝ ընկերությունը, հավատը և համագործակցության համար բաց լինելը»:
Մոսկվայի մանկավարժական պետական համալսարանի ռեկտոր վստահեցրեց՝ իր ղեկավարած հաստատության դռները բաց են աբովյանականների առջև:
Ապագա աշխարհագետը շնորհակալություն հայտնեց մրցույթի կազմակերպման համար, քանի որ այն ոգևորում է առաջ ընթանալ, նոր ուղիներ հաղթահարել: Տարվա «Լավագույն ուսանող»-ը խոստովանում է՝ հաղթանակն անսպասելի էր, բայցև սպասված նպատակի իրագործման համար: Նարեկ Սահակյանը ՀՊՄՀ-ի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի համաձայնությունը խնդրեց իր մրցանակի՝ Ֆինլանդիա ուղևորության համար նախատեսված գումարը աուտիզմով հիվանդ Արմանին նվիրաբերելու հարցում:
Ներկաները մեծ ոգևորությամբ և բուռն ծափահարութուններով ողջունեցին Նարեկ Սահակյանի նախաձեռնությունը, իսկ ռեկտորը նշեց. «Նախատեսված գումարը կուղղվի Արմանի բուժմանը, բայց դուք նույնպես կմեկնեք Ֆինլանդիա»:
Տոնական ցերեկույթն ուղեկցվեց համերգային ծրագրով. լավագույններին պարգևատրելու առթիվ շնորհավորեցին բուհի Պարարվեստի մանկավարժության ամբիոնի ուսանողներն ու երգիչ Գոռ Սուջյանը: