1988 թվականի ավերիչ երկրաշարժից անցել է 27 տարի, սակայն նույնիսկ դրանից հետո ծնված սերունդները չեն մոռանում ոչ միայն հիշել, այլև դասեր քաղել եղածից:
Մանկավարժական համալսարանի Առաջին բուժօգնության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի նախաձեռնությամբ և դասախոս Պերճ Կարապետյանի ղեկավարությամբ Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինորմատիկայի ու Սկզբնական կրթության ֆակուլտետների ուսանողները դիտեցին դեկտեմբերի 7-ի երկրաշարժի մասին պատմող փաստագրական ֆիլմ, որին հաջորդեց գործնական դաս:
Ապագա մանկավարժները տեղում ցուցադրեցին երկրաշարժին հաջորդող իրավիճակում անհրաժեշտ առաջին բուժօգնություն՝ արնահոսության դադարեցում, վիրակապերի տեղադրում, արհեստական շնչառություն և փրկարարական այլ աշխատանքներ:
Ամբիոնի վարիչ Հակոբ Գրիգորյանը old.aspu.am-ի հետ զրույցում մեկ անգամ ևս կարևորեց արտակարգ իրավիճակներում կողմնորոշվելու անհրաժեշտությունը՝ ընդգծելով՝ մեր երկիրը գտնվում է սեյսմիկ այնպիսի գոտում, որ աղետներն անխուսափելի են:
Ի դեպ, իրազեկելու կարևորությունն արտահայտվում է նաև բուհի և UNICEF-ի համատեղ կազմակերպված պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստումներում, որին մասնակցում է շուրջ 150 դասախոս: