ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մասնագիտական կողմնորոշում՝ հանուն ապագայի
01.04.2025
Մասնագիտական կողմնորոշում՝ հանուն ապագայի

Ապրիլի 1-4-ը Մանկավարժական համալսարանը կհյուրընկալի 100 դպրոցից շուրջ 1600 դպրոցականի․ նպատակը մասնագիտական կողմնորոշումն է, կազմակերպիչը՝ բուհի Ուսանողական խորհուրդը։

Նման լայնամասշտաբ ձևաչափով ձեռնարկ անցկացվում է 3-րդ անգամ՝ ներկայացնելու բուհի կրթական միջավայրը, ուսումնական գործընթացների կազմակերպման հնարավորություններն ու հեռանկարները, ֆակուլտետներն ու մասնագիտությունները։

ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը ողջունեց ներկաներին և մասնագիտության ընտրությունը կարևորագույն փուլ համարեց յուրքանչյուրի կյանքում։ Միջոցառումը կարևորեց երկխոսության, ծանոթության, լրացուցիչ տեղեկատվություն ստանալու տեսանկյունից, ինչը հնարավորություն կտա ոչ թե կայացած անհատների, այլ ուսանողների միջոցով վերհանել աշակերտների առջև ծառացած խնդիրներն ու ցանկությունները, փնտրել դրանց պատասախանները։

Պրոֆեսոր Գևորգյանն իր խոսքում նշեց՝ այսօրվա մասնագիտությունների շրջանակը չափազանց լայն է, ինչն էլ դժվարացնում է ընտրությունը, և տեղեկացրեց, որ բուհի շրջանավարտները համալրում են ոչ միայն հանրապետության ուսուցչական համայնքը․ բուհը նաև պատրաստում է մանկավարժական ուղղվածության, բայց ուսուցչի գործունեության հետ առնչություն չունեցող մասնագետներ։
Տեղեկատվական թերթիկներ, ձեռագործ խաղեր, հրապարակումներ և այլն․ բուհի 10 ֆակուլտետների ներկայացուցիչները միջոցառման շրջանակներում հագեցած տաղավարների միջոցով կներկայացնեն կառույցի գործունեության, կրթական գործընթացների վերաբերյալ մանրամասներ, կպատասխանեն աշակերտներին հուզող հարցերին, կօգնեն պատկերացում կազմել իրենց հետաքրքրող մասնագիտությունների մասին։

ՈւԽ-ի նախագահ Պարույր Գալստյանը, ում մտահղացմամբ կազմակերպվել էր հանրապետության մասշտաբով տեղեկատվական հանդիպումը, իր խոսքում կարևորեց նախաձեռնությունն ու ներկայացրեց ուսանողական խորհրդի դերը, կարևորությունն ու գործունեությունը բուհում, խոսեց ուսխորհրդականների գործառույթների և գերհագեցած առօրյայի մասին։
Ուսանողական կառույցի նախագահը հույս հայտնեց, որ աշակերտներն ամենայն մանրամասնությամբ կպրպտեն իրենց հետաքրքող մասնագիտությունն ու կկատարեն ճիշտ ընտրություն, ինչը կնպաստի ոչ միայն բուհի, այլև մեր երկրի ապագայի զարգացմանը։

Հանդիպման ընթացքում Մանկավարժականի ուսանողները ներկայացրին բուհում գործող մանկավարժական և ստեղծագործական մասնագիտությունները՝ ընդգծելով՝ մեր երկրին անհրաժեշտ են որակյալ և գիտակ մասնագետներ, իսկ առաջընթացի համար չափազանց կարևոր է մասնագիտության ճիշտ ընտրությունը։

Մասնագիտական կողմնորոշման շրջանակներում դպրոցականները ծանոթացան նաև բուհում գործող միջազգային ծրագրերին, համագործակցություններին, արտերկրում սովորելու հնարավորություններին։ Միջազգային համագործակցության և ծրագրերի կառավարման կենտրոնի ղեկավարի պաշտոնակատար Անահիտ Փանոսյանը, որը բուհի շրջանավարտ է, սեփական օրինակով նկատեց՝ կարելի է սովորել Մանկավարժական համալսարանում, բայց տարբեր ծրագրերով ուսումնառություն անցնել արտասահմանյան լավագույն բուհերում։ Նկատեց՝ ծրագրերին դիմելու համար անհրաժեշտ է բարելավել օտար լեզվի իմացությունն ու ցուցաբերել մասնագիտական բարձր առաջադիմություն։

Մանկավարժական համալսարանի Ուսանողական խորհրդի կազմակերպած միջոցառմանը ներկա էր նաև կառավարման մասնագետ, ինֆլուենսեր Դավիթ Մեջլումյանը։ Բանախոսը ներկայացրեց «Ինչ է առաջնորդությունը» թեման և ինտերակտիվ ձևաչափում խոսեց դրա կարևորության մասին։

Հանդիպումը շարունակվեց հետաքրքիր խաղ «Խաչբառ»-ով, որի հաղթողները ստացան նվերներ, ապա ինտերակտիվ ձևաչափով ներկայացվեցին ֆակուլտետների տաղավարներն ու բուհում գործող մասնագիտությունները։

Մանկավարժական համալսարանը, հավատարիմ մնալով ազգային արժեքների պահպանմանը, մասնագիտական կողմնորշմանը նվիրված ձեռնարկի առաջին օրն ամփոփեց ազգային պարերի ուսուցմամբ։

Նշենք, որ առաջիկա օրերին մասնագիտության ճիշտ ընտրության, ապագայի ձևավորման և առաջընթացի համար Մանկավարժական համալսարանը կշարունակի հյուրընկալել դպրոցականների՝ ներկայացնելով համալսարանի բազմազան մասնագիտությունները, որակյալ կրթությանը միտված քայլերն ու ընձեռած հնարավորությունները։