Հայկական պետական մանկավարժական համալսարանի բակալավրիատի և մագիստրատուրայի առկա ուսուցմամբ՝ ֆիզիկա, մաթեմատիկա, ինֆորմատիկա, տեխնոլոգիա և ձեռնարկչություն, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն, մաթեմատիկա-ֆիզիկա, մաթեմատիկա-ինֆորմատիկա, կենսաբանություն-քիմիա, աշխարհագրություն-բնագիտություն մասնագիտությունների ուսանողների համար առաջին կուրսում սահմանվել է 70․000 դրամ կրթաթոշակ։
ՀՀ կառավարության նիստում հաստատվել է բուհերում բակալավրի և մագիստրոսի կրթական աստիճաններով առկա ուսուցմամբ սովորողներին տրվող պետական կրթաթոշակի չափերի սահմանման և պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող մասնագիտությունների ցանկի որոշման նախագիծը, որոնցով սովորելու դեպքում տրվում է պետական կրթաթոշակ:
ՀՀ ԿԳՄՍ նախարար, ՀՊՄՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ նախագիծը երկու հիմնական ուղղություն է նախատեսում․առաջին փուլում ընտրվել են ԲՏՃՄ ուղղություններով մասնագիտական մանկավարժության ծրագրերը. «Վերջին տարիներին ունենք մտահոգիչ ցուցանիշներ. գրեթե ոչ ոք չի դիմում այս ուղղություններով ուսուցիչ դառնալու համար: Միաժամանակ, ուսուցիչների միջին տարիքը ցույց է տալիս, որ առաջիկայում կարիք ենք ունենալու մեծ թվով երիտասարդ ուսուցիչների, որպեսզի դպրոցներում այս առարկաները դասավանդվեն»:
Այս ուղղություններով մասնագիտական մանկավարժության ծրագրերի բոլոր ուսանողների համար առաջին կուրսում կսահմանվի 70․000 դրամ կրթաթոշակ։ Հաջորդ կուրսերում, ըստ առաջադիմության, նախորդ ուսումնական տարվա արդյունքներով կրթաթոշակ կտրվի միջին որակական գնահատականի (ՄՈԳ) առավելագույն արժեքի` 90,01% և բարձր ՄՈԳ ունեցողներին՝ 77 000 դրամ, 80,01-90,00% ՄՈԳ ունեցողներին՝ 70 000 դրամ:
Ի դեպ, ՀՊՄՀ դիմորդին մաթեմատիկա-ֆիզիկա, մաթեմատիկա-ինֆորմատիկա, կենսաբանություն-քիմիա, աշխարհագրություն-բնագիտություն մասնագիտություններ ընտրելիս կշնորհվի կրկնակի որակավորում։
Նշենք, որ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ցանկում ընդգրկված մասնագիտության համապատասխան կրթական ծրագրերով 2023-2024 ուստարում բուհ ընդունված ուսանողները կստանան որոշմամբ սահմանված կրթաթոշակը: