«Արդեն մեկ դար է՝ մանկավարժական մայր բուհը, այդ թվում՝ Գեղարվեստական կրթության ֆակուլտետը, սերունդներ է կրթում և իր նվիրված պրոֆեսորադասախոսական կազմով ջանք չի խնայում մատաղ սերնդի դաստիարակման գործում: Բազմաթիվ անվանի արվեստագետներ են դասավանդել ֆակուլտետում, և այսօր էլ շարունակվում է բազմամյա ավանդույթը՝ կերտելով ֆակուլտետի նորօրյա պատմությունը»,- այսօր Հայաստանի նկարիչների միության «Արա Սարգսյան» ցուցասրահում ՀՊՄՀ-ի հիմնադրման 100-ամյա հոբելյանին նվիրված ցուցահանդեսի բացմանը նշեց միության նախագահ Սուրեն Սաֆարյանը:
Նկարիչների միության նախագահը շնորհավորեց մեկդարյա բուհի հոբելյանը՝ մաղթելով երկար տարիների ազգանվեր և բեղմնավոր գործունեություն:
Գեղանկար, գրաֆիկա, քանդակագործություն, կիրառական արվեստի գործեր.ժանրային բազմազանությամբ և հարուստ ներկապնակով աչքի ընկնող բացառիկ ցուցադրությանը ներկայացված էր ՀՊՄՀ-ի Գեղարվեստական կրթության ֆակուլտետի 40 մանկավարժ-արվեստագետների շուրջ 122 աշխատանք:
ՀՊՄՀ նորընտիր ռեկտոր, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանը ցուցահանդեսը բուհի գործունեության հերթական նվաճումն ու ձեռքբերումը համարեց: Գեղարվեստական կրթության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի որդեգրած սկզբունքները, մեթոբանությունն ու արժեքային դրսևորումները հաստատեցին նրանց ստեղծագործական երևակայության անսահմանությունը:
Պրոֆեսոր Գևորգյանը ցուցահանդեսը դիտարկեց որպես արժեքային նմուշ, մանկավարժական, գեղագիտական, գիտամեթոդական և կրթադաստիարակչական լավագույն օրինակ:
Գեղարվեստական կրթության ֆակուլտետի դեկան Արա Հակոբյանը, ընդգծելով ցուցահանդեսում ներկայացված աշխատանքների գեղարվեստական արժեքը, նկատում է՝ խստապահանջ միությունում ցուցահանդես կազմակերպելն այնքան էլ հեշտ չէ:
Հովհաննես Զարդարյան, Ղուկաս Չուբարյան, Սուրեն Սաֆարյան, Էդվարդ Իսաբեկյան.Արա Հակոբյանը թվարկում է ֆակուլտետի երախտավորներին, որոնք կերտել են արվեստագետների սերունդներ, որոնցից շատերի աշխատանքներն այսօր զարդարում են ցուցասրահի պատերը։
Նրանք ժողովրդական նկարիչներ ու արվեստի վաստակավոր գործիչներ են և իրենց հաստատուն տեղն ունեն ժամանակակից կերպարվեստի պատմության մեջ:
Նույն սերնդի ներկայացուցիչներից է նաև Լոնդոնի NHS-ի պատվավոր նկարիչ, ՀՊՄՀ շրջանավարտ Արթուր Օշականցին: Վերջինս old.aspu.am-ի հետ զրույցում նշեց, որ 2003 թվականին Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանը իրեն հռչակել է աբստրակտ նատուրալիզմի հիմնադիր:
Բուհի հետ կապված ամենաջերմ ու գեղեցիկ հիշողությունները լոնդոնաբնակ նկարչին բերել են հայրենիք՝ ներկա գտնվելու հարազատ կրթօջախին նվիրված հոբելյանական ցուցադրությանը:
Նկարիչը հպարտությամբ է նկատում՝ բուհում, կրթությունից զատ, ստացել է ամենակարևորը՝ ստեղծագործելու բացարձակ ազատություն, ինչն էլ համարում է իր ուրույն ոճի և հաջողության գրավականը:
Շնորհավորելով մեկդարյա հոբելյանը՝ Արթուր Օշականցին ՀՊՄՀ ռեկտորին հանձնեց իր մեծածավալ կտավներից մեկը՝ ընդգծելով, որ սա յուրօրինակ հարգանքի տուրք է նաև իր վարպետների հիշատակին:
ՀՊՄՀ-ի հիմնադրման 100-ամյա հոբելյանին նվիրված ցուցահանդեսը կգործի մինչև մարտի 24-ը: