ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտում տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՊՄՀ Հայ հին և միջնադարյան գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանի «Նիկողայոս Ադոնց» գրքի շնորհանդեսը՝ նվիրված Մանկավարժական համալսարանի 100-ամյակին:
ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանն ընդգծեց գրքի կրթադաստիարակչական բնույթը՝ նշելով, որ հեղինակը ներկայացրել է գիտնականի ձևավորման ընթացքը՝ ծննդավայրից մինչև Գևորգյան ճեմարան, ապա ռուսական ակադեմիական կենտրոններ.«Շատ դժվար է գրել Ադոնցի մասին՝ թե ՛ նրա հատորների տարողության պատճառով, թե՛ թեմատիկ ընդգրկման, բայց պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանին դա լավագույնս հաջողվել է»:
Բանախոսը հանգամանորեն խոսեց գրքի մասին, ներկայացրեց նաև Աելիտա Դոլուխանյանին՝ որպես գրականագետի, արժևորեց նրա գիտամանկավարժական վաստակը՝ համարելով Գրականության ինստիտուտի առանցքային դեմքերից:
ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան ինստիտուտի տնօրինության որոշմամբ՝ Աելիտա Դոլուխանյանը պարգևատրվեց «Մանուկ Աբեղյան» հուշամեդալով ՝ հայ գրականության, մանավորապես՝ հայ միջնադարյան գրականության համընդգրկուն ուսումնասիրության ու եվրոպական հայագիտության նշանավոր դեմքերի գիտական ժառանգության և գործունեության համակողմանի ուսումնասիրության համար:
ՀՊՄՀ ռետոր, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանը շնորհավորեց Աելիտա Դոլուխանյանին՝ հերթական գրքի հրատարակման առիթով:
Ռեկտորը կարևորեց համալսարանի համար, որպես առաջնահերթություն գրքի կրթադաստիարակչական արժեքը, ապա անդրադարձավ բյուզանդագետ, պատմաբան, մանկավարժ, փայլուն կրթություն ստացած Ադոնցի կրթական զարգացումներին՝ ընդգծելով՝ նա կրել է ժամանակի լավագույն կրթական ազդեցությունը:
Պրոֆեսոր Գևորգյանն ընդգծեց հանրահռչակ գիտնականի պատմագիտական նշանակությունը հայ ժողովրդի համար, խոսեց նրա մագիստրոսական և դոկտորական հետազոտությունների մասին, որոնցում ներկայացվել են ժամանակի կարևորագույն խնդիրները.«Խոսելով գլոբալիստական միտումների մասին՝ մենք, այնուամենայնիվ, շեշտադրում ենք հայ ինքնության պահպանման խնդիրը:Կարծում եմ՝ Նիկողայոս Ադոնցի ժառանգությունը համագործակցությամբ իր ղեկավարի՝ Մառի, պատմական այն ժամանակաշրջանի կարևոր ձեռքբերումն է, որ կարող է Մանկավարժական համալսարանի այսօրվա ուսանողի համար յուրահատուկ գոհար դառնալ հենց արդի շրջանի կրթության զարգացման իմաստով:Իր ժամանակի մեջ նրա հոդվածները մեծագույն ներդրումներ էին, որոնց մասին մենք քիչ ենք խոսում, բայց պարտավոր ենք մեր մեծերին մշտապես տեսնել մեր լսարաններում անդրադառնալիս»,-նշեց ռեկտորն ու հավելեց՝ պրոֆեսոր Դոլուխանյանի աշխատանքի նշանակությունն իր համար հենց այդ առաջնահերթությամբ է պայմանավորված, որովհետև մանկավարժությունը սոսկ տեսություն չէ, դասավանդման մեթոդիկան է, կոնկրետ օրինակների, պատմության, ավանդույթների փոխանցման որոշակի գործընթաց:
«Աելիտա Դոլուխանյանը ներկայացրել է, թե ինչպես է Ադոնցը դարձել խոշոր գիտնական՝ լայն պրոֆիլի պատմաբան, բանասեր, բյուզանդագետ, ինչ կնճռոտ խնդիրների է անդրադարձել: Հեղինակը գրել է ոչ միայն աշխարհահռչակ գիտնականի կենսագրության, անցած ճանապարհի, այլև ձեռք բերած գիտական նվաճումների մասին, ինչը չափազանց արժեքավոր է դարձրել գիրքը»,- ասաց ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը:
ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանի կարծիքով՝ համարձակություն է պետք գնալու դեպի Ադոնցը.«Երիտասարդության տարիներին դժվար է ուսումնասիրել Ադոնցի ժառանգությունը, երբ տեսա, որ գիրքը ձեռնարկի տեսքով է գրված, հասկացա՝ հեղինակը դյուրին է դարձրել երիտասարդության համար՝ հասկանալու գիտնականի ապրած ժամանակը»:
Բանախոսն ամփոփեց՝ Նիկողայոս Ադոնցի մեծությունը հասկանալն այնքան էլ հեշտ չէ, բայց այս գրքի օգնությամբ` հնարավոր է:
Պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանն ընդգծեց՝ շնորհանդեսը նվիրված էր Նիկողայոս Ադոնցին, և իր նպատակն էր մեծարել միջազգային համբավ ունեցող բյուզանդագետին, հայագետին, պատմաբանին, բանասերին, մանկավարժին՝ նրա կյանքը, կրթությունը, գիտական ժառանգությունը օրինակ դարձնելու նոր սերնդի համար:
Գրքի շնորհանդեսին ելույթ ունեցան նաև Բանասիրական ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Աշոտ Գալստյանը, Հայկական հանրագիտարանի խմբագիր Հովհաննես Այվազյանը, Ալբերտ Մուշեղյանը, Սուսաննա Հովհաննիսյանը, որոնք անդրադարձան պրոֆեսորի գիտական լուրջ ուսումնասիրությանը, արժևորեցին այն մերօրյա իրադարձությունների համատեքստում և գնահատեցին Աելիտա Դոլուխանյանին, որը «մշտապես արժևորում է արժեքավորը»: