Խոր վշտով տեղեկացնում ենք, որ մահացել է ՀՊՄՀ Ռեժիսուրայի ամբիոնի դոցենտ Կարեն Աբրահամյանը։
Կարեն Աբրահամյանը 71 տարեկան էր, 1974 թվականին ավարտել էր Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսուրայի բաժինը։ 1975-1990 թվականներին աշխատել Գյումրիի Մռավյանի անվան թատրոնում, բեմադրել ավելի քան 30 ներկայացում։
1990-1993 թվականներին աշխատել է Գ․ Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում՝ սկզբում որպես բեմադրիչ, ապա ստեղծագործական հարցերով փոխտնօրեն։ 1993-1995 թվակններին եղել է Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, իսկ 1995-1996 թվականներին՝ Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի բեմադրող-ռեժիսոր։
Կարեն Աբրահամյանը 1996-2015 թվականներին դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, 2012 թվականից առ այսօր դերասանի վարպետություն էր դասավանդում Մանկավարժական համալսարանում։ Հայաստանի Թատերական Գործիչների Միության անդամ էր։
Մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը ցավակցում է Կարեն Աբրահամյանի ընտանիքին և մտերիմներին։ Թատերարվեստի նվիրյալի, մտավորականի և վաստակաշատ մանկավարժի հիշատակը վառ կմնա իր գործընկերների և ուսանողների սրտերում: