ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Նպաստեցին բուհ-դպրոց համագործակցությանը
15.12.2015
Նպաստեցին բուհ-դպրոց համագործակցությանը

Օրերս  Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի Տարիքային և մանկավարժական հոգեբանության ամբիոնի նախաձեռնությամբ Մեծ Լուսավորիչ Խաչատուր Աբովյանի անունը կրող տուն-թանգարանում անցակցվեց ձեռնարկ, որին ներկա էին  Երևանի  № 103 և № 127 ավագ դպրոցների  աշակերտները, ուսուցիչներն ու փոխտնօրենները: 

Միջոցառման հիմնական նպատակն էր խթանել բուհ-դպրոց համագործակցությունը, աջակցել ավագ դպրոցի աշակերտներին մասնագիտական կողմնորոշման հարցում, ներկայացնել հոգեբանի մասնագիտությունը, հնարավորություններն ու հեռանկարները, կրթության ոլորտում հոգեբանի դերն ու գործառույթները: 

Հանդիպման ընթացքում ՀՊՄՀ-ի դասախոսները ներկայացրին Մանկավարժական համալսարանը, պատմությունն ու ժամանակագրությունը, խոսեցին գործող մասնագիտությունների՝ մասնավորապես Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետում առկա մասնագիտական ցանկի, բուհում սովորելու առավելությունների, կրթության  ոլորտում աշխատելու լայն հնարավորությունների, «Հոգեբանական խորհրդատվությունը կրթության ոլորտում» մագիստրոսական մասնագիտացման մասին:

Ոլորտի առաջատար մասնագետները ավագ դպրոցների սաների հետ  խոսեցին նաև նրանց  հուզող հոգեբանական հիմնական խնդիրների մասին՝ ներկայացնելով իրենց ամենօրյա աշխատանքում հանդիպած փորձն ու  կարևորելով դժվար պահերին հոգեբանին դիմելու անհրաժեշտությունը:

Կազմակերպիչները old.aspu.am-ի հետ զրույցում նշեցին, որ  բուհ-դպրոց համագործակցությունը, նմանատիպ միջոցառումների անհրաժեշտությունն ու կարևորությունը մշտապես եղել  և մնում է ֆակուլտետի ուշադրության կենտրոնում, բազմիցս քննարկվել է   Տարիքային և մանկավարժական հոգեբանության ամբիոնի նիստերում:

Ավարտին էքսկուրսավարների ուղեկցությամբ աշակերտներն այցելեցին թանգարանի ցուցասրահ և տոհմատուն: