ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Աբովյանականները՝ արյան դոնորներ
23.04.2024
Աբովյանականները՝ արյան դոնորներ

Այսօր Մանկավարժականում էր Պրոֆեսոր Ռ.Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի բուժանձնակազմը։

Բուհը հաճախ է միանում արյան կամավոր հավաքագրման՝ դոնորության ակցիային՝ նպատակ ունենալով աջակցել արյան տարբեր հիվանդություններ ունեցողներին, լրացնել մեր երկրում արյան պաշարների դեֆիցիտը։

Այս անգամ ևս, արյունատվության ակցիային միացան բուհի տարբեր ֆակուլտետների ուսանողներ։

Երիտասարդ դոնորները նախ լրացրին համապատասխան հարցաթերթիկը, բուժզննում անցան թերապևտի մոտ, որից հետո միայն նրանց թույլատրվեց կատարել արյունատվություն։ Այն ցանկացողները, որոնց մոտ առողջական թեկուզ չնչին խնդիրներ հայտնաբերվեցին, չթույլատրվեց արյունատվություն։

Ապագա մանկավարժները խոստովանում են՝ սիրով և բարձր գիտակցությամբ են միանում դոնորության նախաձեռնությանը․ չէ՞ որ կարող են կյանքեր փրկել։

Նշենք, որ Մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողները բազմիցս կամավորության սկզբունքով միացել են արյունատվության նախաձեռնություններին։