ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Աբովյանականները երդվեցին
20.10.2023
Աբովյանականները երդվեցին

Այսօր Մանկավարժական համալսարանում կայացավ բուհի առաջին կուրսերի ուսանողների երդման արարողությունը։ Ամեն տարի ուսուցչի վեհ կոչմանը հավատարիմ մնալու երդման արարողությունն անցկացվում էր մեծ մանկավարժ ու լուսավորիչ Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում․ 2020 թվականից նրանք երդվում են ՀՊՄՀ Բանասիրական ֆակուլտետի բակում՝ հայրենիքի սահմանների պաշտպանության համար զոհված աբովյանականների հուշահամալիրի մոտ։

Օրվա առթիվ ուսանողներին շնորհավորեց և օրհնության խոսք հղեց Տեր Առնակ քահանա Հարությունյանը։ Խոստովանեց՝ հուզված է, քանի որ առաջին անգամ է մասնակցում նման խորհրդավոր ձեռնարկի․ «Յուրաքանչյուր ուխտ հոգևոր կյանքի մեջ ցմահ է։ Ես ուխտել եմ ծառայելու տիրոջը, զինվորը՝ հայրենիքին, բժիշկը՝ հիվանդի առողջության համար․ սիրելի ուսանողներ, դուք ուխտում եք, որ ձեր ամբողջ կյանքը, մտածումը, միտքը և հոգին դնեք սերնդի կրթության և դաստիարակության մեջ։ Յուրաքանչյուր ազգի հիմքը կրթությունն է, անկրթությունն է ազգին կործանում․ դուք լծված եք կրթելու աստվածահաճո առաքելությանը»,-նշեց հոգևոր հայրն ու հորդորեց աշխատասիրությամբ, ուշիմությամբ և նվիրումով կառուցել այն վեմը, որի վրա պիտի իրագործվի մանկավարժի ուխտը։

Մանկավարժականցիների նոր սերնդին շնորհավորեց նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ մաղթելով մասնագիտական ձեռքբերումներ և արդյունավետ ուսումնառություն։ Նա հույս հայտնեց, որ տարեցտարի կմեծանա ուսուցիչ դառնալ ցանկացողների բանակը, հատկապես, որ մեծ կարիք կա լավ և նվիրյալ ուսուցիչների։

«Մասնագիտությունների շարքում ամենակարևորը ուսուցչի մասնագիտությունն է․ նույնիսկ այլ մասնագետ դառնալու համար պետք է ուսուցչի ձեռքի տակով անցնել։ Կոչ եմ անում ուշադիր և խնամքով վերաբերել ուսումնառության տարիներին, այն պատասխանատվությանը, որը ստանալու եք ուսումնառության ավարտին»,-նշեց նախարարի տեղակալն ու հավելեց՝ այսօր մեր երկրի կրթական համակարգը լուրջ բարեփոխումների շրջափուլում է, պետք է համաչափ քայլել աշխարհում կատարվող փոփոխություններին, քանի որ երկրի զարգացման միակ ճանապարհը լավ կրթական համակարգ ունենալն է։ Արաքսիա Սվաջյանը վստահ է՝ այսօրվա աբովյանականները լրացնելու են կրթական լավ համակարգի ուսուցիչների շարքերը։

ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը ևս շնորհավորեց ուսանողներին 100-ամյա բուհի շրջանավարտների համակազմին զինվորագրվելու, մասնագիտական երազանքը Մանկավարժական համալսարանի հետ կապելու համար։

Հայացքն ուղղելով դեպի արցախյան վերջին պատերազմում զոհված աբովյանականների հիշատակը հավերժացնող հուշակոթող-խաչքարին, ռեկտորն ընդգծեց․ «Այս վայրը մեզ և ձեզ հուշում է՝ նրանց լռությանը լույս ու երազանք ենք պարտք։ Նրանք չհասցրին իրականացնել ուսուցիչ դառնալու երազանքը։ Հայրենիքի պաշտպանության համար զոհված ուսանողների անկատար երազանքների լիակատար իրականցնողը դուք եք։ Մեկդարյա պատմություն, ավանդույթներ և ձեռքբերումներ ունեցող բուհում մեկտեղվում են մասնագիտական տարբեր ուղղություններ, որոնք այս դժվարագույն օրերին հատկապես շատ կարևոր են»,-նշեց ռեկտոր Գևորգյանն ու հորդորեց մեկտեղել ջանքերը և արդարացնել հասարակության սպասումները։

ՀՊՄՀ Մանկավարժության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աիդա Թոփուզյանը խոստովանում է՝ ամեն եկող սերնդի հետ երիտասարդանում են, նաև մեծանում, վերհիշում ու վերլուծում ուժեղ և թույլ կողմերը։

«Դուք բուհ եք ընդունվել մեր երկրի համար պատմական ծանր ժամանակահատվածում։ Հույս ունեմ, որ բոլորդ գիտակցաբար եք այս ընտրությունն արել, քանի որ մասնագիտական ընտրությունն ամենակարևորն է։ Եթե ոչինչ չանեք, միայն լավ ուսուցիչ լինեք, հավատացեք, ձեր հայրենիքին արդեն մեծ օգուտ տված կլինեք»,-նշեց պրոֆեսոր Թոփուզյանն ու վստահեցրեց՝ բուհի պրոֆեսորադասախոսական կազմը պատրաստ է քայլել յուրաքանչյուր ուսանողի հետ, աջակցել, որ դրսևորվեն նրանց ունակություններն ու հակումները։

Հայ հին և միջնադարյան գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Աելիտա Դոլուխանյանը Մանկավարժական համալսարանի շրջանավարտ է։ Խոստովանում է՝ գիտության աստիճաններով առաջ է ընթացել այս բուհի շնորհիվ։ «Այս համալսարանը մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովյանի երազանքի իրականացումն է, իսկ ուսուցչի մասնագիտությունը՝ ռազամավարական, ոչ միայն մեր երկրում, այլ ամբողջ աշխարհում»,-նշեց պրոֆեսոր Դոլուխանյանն ու վստահեցրեց՝ լավ ուսուցչին աշակերտները միշտ կհիշեն։ «Աշխարհի բոլոր մեծ մտածողները ուսուցիչներ են եղել»։

Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողուհի Մոնիկա Մելքոնյանն ընթերցեց առաջին կուրսեցու երդման տեքստը, որից հետո բոլոր առաջին կուրսեցիները կրկնեցին՝ «Երդվում ենք»։ Համալսարանի Գեղարվեստական կրթության ֆակուլտետի երգչախմբի կատարմամբ հնչեց ուսանողների միջազգային հիմնը։