Մանկավարժական համալսարանի շուրջ 600 առաջին կուրսեցի այսօր երդվեց հավատարիմ մնալ ուսուցչի վեհ կոչմանը։
Հիշարժան և կարևոր օրվա առթիվ ուսանողներին շնորհավորեց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և բուհի ղեկավար կազմը։
Ի դեպ, երդմնառության արարողությունը խորհրդանշական օր էր ընտրված․ այսօր Մեծ Լուսավորիչ Խաչատուր Աբովյանի ծննդյան օրն է, որի անունն էլ կրում է մանկավարժական մայր բուհը։
«Մեծ Լուսավորիչ Խաչատուր Աբովյանի անունը կրող համալսարանի ուսանող լինելը պատասխանատվություն է, ուսուցիչ լինելը` վեհ կոչում և առաքելություն։ Այսօրվա ձեր երդումը կարծես յուրատեսակ խորհուրդ ունի. այն կնիք է, որ հաստատում է ձեր նվիրումը ուսուցչի առաքելությանը։ Դպրոցով է պայմանավորված ազգի և հայրենիքի ապագան. մասնագիտությունների շարքում ամենակարևորը, թերևս, ուսուցչի մասնագիտությունն է։ Մենք՝ բոլորս, գիտակցում ենք այդ մեծ պատասխանատվությունն ու չափազանց կարևորում, որ ապագան կերտող գալիք սերունդը լինի պատրաստված ու կրթված»,- նշեց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը։ Նա վստահեցրեց՝ իրենց գերատեսչության ամենօրյա աշխատանքում կարևոր տեղ ունի մանկավարժի մասնագիտության վերարժևորումը, իսկ բարեփոխումներն աշխատանքի կարևոր բաղադրիչ են։
Կարևորագույն օրվա առթիվ բուհի ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողական համայնքի անունից առաջին կուրսեցիներին ողջունեց ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը։ Նա վստահ է՝ Մեծ Լուսավորիչ Խաչատուր Աբովյանի ձևակերպած թեզերն ու աշխարհիկ կրթության կոնկրետ մոտեցումներն իրենց զարգացումը կունենան այն սերունդների միջոցով, որոնց ուսուցանելուն կոչված են լինելու ներկաները։
Ռեկտորը հիշեցրեց՝ նախկինում ուսանողների ավանդական դարձած երդմնառության արարողությունն անցկացվում էր Մեծ Լուսավորիչ Խաչատուր Աբովյանի՝ Քանաքեռում գտնվող տուն-թանգարանում։ 2020 թվականից բուհն ունի նոր ավանդույթ․ ապագա մանկավարժները երդվում են բուհի զոհված ուսանողների հիշատակին նվիրված խաչքար-հուշարձանի մոտ, որ իրենց կարողությունների, նվաճումների շնորհիվ մարմնավորեն նրանց անկատար մնացած մասնագիտական երազանքներն ու առաքելությունը․«Մենք միասին պետք է լինենք ուսուցչական համակազմի այն լավագույն ներկայացուցիչները, որոնք կդիմակայեն այսօրվա կրթության մարտահրավերներին և իրենց ձեռքբերումներով կլինեն լավագույնը ՀՊՄՀ-ի պատմության մեջ»։
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու քահանա Տեր Վազգեն Անդրեասյանը Տերունական աղոթքով սկսեց իր օրհնության խոսքն ու շնորհավորեց ներկաներին խորքային իմաստ պարունակող միջոցառման առթիվ։ Դիմելով Մանկավարժական համալսարանի ուսանողներին՝ նա ընդգծեց․«Դուք կոչված եք դրսևորել առավել բարձր գիտակցություն, ուսումնառության ընթացքում կուտակել շատ գիտելիքներ, ձեռք բերել մեծ փորձ, որոնց հիմքում խարսխված կլինեն մեր ինքնության բաղադրիչները․դրանցից կարևորագույններից է նաև քրիստոնեական արժեահամակարգը»։
Մանկավարժության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Աիդա Թոփուզյանն էլ հույս հայտնեց, որ ուսանողների մասնագիտական ընտրությունը պատահական չէ․ այն խորությամբ գիտակցված և արդարացված է։ Պրոֆեսորը հորդորեց ոչ մի վայրկյան չմոռանալ, որ կյանքի ողջ իմաստն ու բարձր կոչումն ամփոփված են մեկ և ամենակարևոր գաղափարի՝ ամենամեծ արժեքի՝ մարդու ստեղծման արվեստի մեջ։
Դիմելով աբովյանականներին՝ Աիդա Թոփուզյանը հիշեցրեց՝ Մանկավարժական համալսարանի ուսանողը տարբերվում է մյուսներից․ նա պարտավոր է լինել անհատականություն, որովհետև կոչված է իր ողջ հոգին, երիտասարդական ավյունը, սրտի ողջ ջերմությունը ներդնել իր սանի անհատականությունը կերտելու համար․«Մաղթում եմ հավատ, ուժ, համբերություն՝ ձեր առաքելությունը պատվով կատարելու համար։ Սովորեք, համագործակցել, դարձեք «երեխան բարձրագույն արժեք է» գաղափարի կրողն ու տարածողը, քննադատաբար վերաբերվեք ձեր անձին, միմյանց, ձեր ուսմանը, եղեք ազատ, ինքնուրույն, նախաձեռնող ու ստեղծագործ, ռեֆլեքսիվ և մասնակցային անձ»,-հավելեց նա։
Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանը օրը համարեց ջրբաժան՝ դպրոցական, պատանեկան տարիներից, և կամուրջ, որ սկիզբ է հանդիսանալու դեպի երիտասարդություն, ուսանողական տարիներ, որոնց ընթացքում կդառնան որակյալ մասնագետ, կձևավորվեն որպես ՀՀ քաղաքացի և մարդ՝ արժեքային համակարգով, գաղափարներով և սկզբունքներով։
Էդգար Հովհաննիսյանը հորդորեց օգտագործել ուսանողական տարիները որակյալ մասնագետ դառնալու համար․բոլոր դժբախտությունների և անհաջողությունների ակունքն անգրագիտությունն ու տգիտությունը, միջակությունն ու սահմանափակությունն են։ Մանկավարժականն արդեն 100 տարի բացառիկ հնարավորություն է ստեղծում հաղթահարելու տգիտությունն ու հաջողում է․« Դարեր շարունակ մեր առաջնորդներն իրենց մի ձեռքում կրել են սուր, մյուսում՝ գրիչ։ Այսօր դուք ընտրել եք գրիչը, որը հարկ եղած դեպքում կփոխարինեք զենքով։ Մաղթում եմ, որ արժանի լինենք մեր նախնիներին, ամուր բռնենք գրիչն ու պահպանենք այն արժեքային համակարգը, որ դարեր և հազարամյակներ շարունակ փոխանցվել է մեզ․ այսօր ձեր հերթն է»,-նշեց նա։
Մանկավարժական համալսարան ընդունվելու առթիվ առաջին կուրսեցիներին շնորհավորեց, հաջողություններ և մասնագիտական վերելքներ մաղթեց նաև ՀՊՄՀ ուսանողական խորհրդի նախագահ Պարույր Գալստյանը: Ավանդական դարձած միջոցառումը նա կարևոր տոն համարեց բոլորի համար․ ուսանողների մեծ բանակն այսօր համալրվեց նորերով։
«Հին է մեր ժողովուրդը, և նույնքան հին է դպրությունը հայոց։ Ինձ համար մեծ պատիվ է ձեռք բերել համապատասխան կարողություններ, գիտելիքներ, հմտություններ և ուսուցիչ դառնալով` դրանք սերմնացանի նման շաղ տալ մանուկների հոգիներում»,-առաջին կուրսեցիների երդման խոսքն ընթերցելուց հետո նշեց Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող Գոհար Համբարձումյանը։