ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Աբովյանականները՝ Լիտվայի «Ամառային դպրոցում»
17.08.2018
Աբովյանականները՝ Լիտվայի «Ամառային դպրոցում»

«Ամառային դպրոց 2018» միջազգային ծրագրի շրջանակներում հուլիսի 31-ից օգոստոսի 10-ը ՀՊՄՀ-ի 10 ուսանողներ եղան Լիտվայի կրթական գիտությունների համալսարանում:

10 օրերի ընթացքում մասնակիցները շրջեցին Վիլնյուսում, այցելեցին քաղաքի տեսարժան վայրեր, եղան քաղաքի խորհրդարանում, թանգարաններում, Ուժուպիս թաղամասում, պատմական նշանակություն ունեցող Կերնավե քաղաքում, որն ուսանողներին տպավորեց իր գեղեցիկ բնությամբ։

«Հատկապես հիացնող էին լիտվական մեծ իշխանության քաղաքական նշանակալի կենտրոն Տրակայը և 11-րդ դարում կառուցված, պատմական մայրաքաղաք Կաունասը: Այս այցելությունների շնորհիվ մենք ծանոթացանք լիտվական մշակույթին և պատմությանը»,-նշում են մասնակիցներն ու հավելում, որ վերադարձել են անմոռանալի տպավորություններով։ 

Լիտվայի կրթական գիտությունների համալսարանում անցկացվող «Ամառային դպրոց 2018» միջազգային ծրագրին մասնակցում էին ուսանողներ 24 երկրներից․  ստեղծված բազմազգ միջավայրը հնարավորություն տվեց շփվել օտարազգի ուսանողների հետ, ծանոթանալ միմյանց մշակույթներին և ձեռք բերել նոր ընկերներ:

«Գեղեցիկ երկիր, հարուստ մշակույթ, չքնաղ բնություն, հրաշալի և ջերմ մարդիկ. այսպես կարող եմ բնութագրել Լիտվան: Այս 10 օրերը միշտ կմնան իմ հուշերում, քանի որ ձեռք բերեցի նոր ընկերներ, ուսումնասիրեցի երկրի պատմությունը և մշակույթը, ծանոթացանք լիտվերենին, իսկ քաղաքների միջնադարյան գեղեցիկ պատկերը ընդմիշտ կմնա իմ սրտում»,-old.aspu.am-ի հետ զրույցում նշեց ծրագրի մասնակից Էլյա Խաչատրյանն ու հավելեց, որ նույն տպավորություններն ունեն Լիտվա մեկնած բոլոր աբովյանականները։

Ծրագրի փակման ժամանակ տարբեր երկրների մասնակիցներ ներկայացրին իրենց երկրի մշակույթն ու պատմությունը: ՀՊՄՀ-ի ուսանողներն էլ ներկայացան հայկական մշակույթվ և ժողովրդական պարերով, ինչպես նաև ավանդական ուտեստների հյուրասիրությամբ։ Ավարտին ծրագրի համակարգող Վիլմա Լեոնավիսենեն  մասնակիցներին հանձնեց հավաստագրեր և հույս հայտնեց, որ երկու բուհերի միջև եղած համագործակցությունը կլինի շարունակական՝ գրանցելով նոր ձեռքբերումներ։