Օրերս Արցախում անցկացվեց «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հիմնախնդիրներն ու հեռանկարները» միջազգային 2-րդ երիտասարդական գիտաժողովը:
Գիտաժողովին մասնակցեցին հեղինակավոր գիտնականներ ԱՄՆ-ից, Գերմանիայից, Լեհաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Հայաստանից և Արցախից՝ շուրջ 63 գիտնականներ, մասնագետներ ու վերլուծաբաններ:
Մանկավարժական համալսարանից գիտաժողովին մասնակցեցին Պատմության և իրավագիտության ֆակուլտետի Հայոց պատմության ամբիոնի ասպիրանտ Անի Խաչատրյանն ու Բանասիրական ֆակուլտետի հայցորդ Օվսաննա Խաչատրյանը:
«Երկրորդ անգամ եմ մասնակցում նույն խորագիրը կրող գիտաժողովին: Այս տարի հնարավորություն ստեղծվեց ավելի լավ ծանոթանալ Արցախի միջազգային ճանաչման հիմնախնդիրներին ու հեռանկարներին: Մեզանից յուրաքանչյուրը Արցախի գիտության դեսպանն է, որ տարբեր միջազգային հարթություններում պիտի ձգտի ներկայացնել Արցախի Հանրապետության իրողությունների վերաբերյալ օբյեկտիվ տեղեկատվություն»,-old.aspu.am-ի հետ զրույցում նշեց Անի Խաչատրյանն ու վստահեցրեց, որ իր գործունեության առանցքում ևս պիտի լինի Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը բարձրացնելը:
Գիտաժողովի աշխատանքներին մասնակցել են Արցախի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության, հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև բուհերի ներկայացուցիչներ:
Մասնակիցներն աշխատանքները ծավալել են իրավագիտության, քաղաքագիտության, տնտեսագիտության, պատմության, հոգեբանության և լրագրության բաժանմունքներում:
Գիտաժողովի ավարտին մասնակիցներին տրվեցին հավաստագրեր: