ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Աբովյանի դասերը»
27.01.2022
«Աբովյանի դասերը»

Մանկավարժական համալսարանի հիմնադրման 100 և Երևանի Խաչատուր Աբովյանի անվան համար 2 հիմնական դպրոցի 190-ամյակի շրջանակներում կազամակերպվել էր տոնական միջոցառում:

1832 թվականին որպես գավառական դպրոց հիմնադրված կրթօջախում` 1848 թվականին որպես տեսուչ և ուսուցիչ է աշխատել Խաչատուր Աբովյանը, որի անունով էլ հետագայում անվանակոչվել է դպրոցը: Տարբեր տարիներին այստեղ դասավանդել են մեծանուն հայ մտավորականներ:

Գրեթե երկու դար ապրած դպրոցում հյուրընկալվել էին կրթության և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, դպրոցի շրջանավարտներ, հյուրեր:

ՀՊՄՀ Վաչե Պարտիզունու անվան հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսորի պաշտոնակատար Սուրեն Դանիելյանն այցի ընթացքում ներկայացրեց «Աբովյանի դասերը» խորագրով դասախոսություն:

Սուրեն Դանիելյանը վստահ է՝ կրթված հասարակության հիմքը դպրոցն է, որտեղ մեծ է հայագիտական գործոնը: Դպրոցում է երեխան հղկվում և ձևավորվում որպես մարդ, շատ հատկանիշներ դպրոցն է փոխանցում, պարզապես, ինչպես գրականագետն է նշում, պետք է ծաղկեցնել դպրոցը.«Դպրոցի վաղվա ճակատագիրը բոլորիս է մտահոգում: Կուզեի, որ հայագիտական գործոնը բոլոր դպրոցներում և, հատկապես, Մեծ Լուսավորչի անունը կրող դպրոցում, գնա այն ճանապարհով, որի մասին երազում ենք բոլորս»,-նշեց պրոֆեսորն ու հավելեց՝ սա օրախնդիր հարց է:

Միջոցառման ընթացքում աշակերտները հանդես եկան գրական և երաժշտական կատարումներով: