ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ԱԻՆ աշխատակցի օրը՝ Մանկավարժականում
05.09.2022
ԱԻՆ աշխատակցի օրը՝ Մանկավարժականում

Ինչպե՞ս կազմակերպել ուսանողների և աշխատակազմի պաշտպանությունը հրդեհի ժամանակ․ Առաջին բուժօգնության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի նախաձեռնությամբ հրդեհային իրավիճակներում տարհանման միջոցառումների և իրականացվող գործողությունների մասին անցկացվեց ուսումնական վարժանք։ Այն նվիրված էր ԱԻ նախարարության աշխատակցի օրվան, որը նշվում է սեպտեմբերի 4-ին։

Ուսումնավարժանքի նպատակն է՝ արտակարգ իրավիճակներում ուսանողների իրազեկման, պատրաստվածության և գործնական հմտությունների զարգացումը։

Ամբիոնի դասախոս Պերճ Կարապետյանը ներկայացրեց հրդեհի կանխարգելման միջոցները, կրակմարիչների տեսակները, կիրառման ձևերը, կարևորությունը, անվտանգության կանոնները, տարբեր արտակարգ իրավիճակներում տարհանման ձևերը, ճիշտ կողմնորոշվելու հնարքները, պատասխանեց ուսանողների հարցերին։

Տեսական մասին հաջորդեց բուհի մասնաշենքերից մեկի բակում փոշե կրակմարիչով հրդեհաշիջման աշխատանք, որի ընթացքում ուսանողներն իրենց գիտելիքներն ամրապնդեցին գործնականորեն. «Վաղվա ուսուցիչը պետք է տիրապետի անվտանգության կանոններին և կարողանա դրանք կիրառել դպրոցում։ Նրանք պարտավոր են մտածել իրենց և դպրոցականների առողջության ու անվտանգության մասին»,-old.aspu.am-ի հետ զրույցում նշեց Պերճ Կարապետյանը։

Առաջին բուժօգնության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի վարիչ Նարինե Սահակյանը վստահեցնում է, որ ամբիոնը տարատեսակ ձեռնարկներով ամեն տարի նշում է ԱԻՆ աշխատակցի օրը։

Դրանք ունեն ուսուցողական, ուսումնակրթական և գործնական նշանակություն․ նպաստում են արտակարգ իրավիճակներում ուսանողների գրագետ վարվելակերպի դրսևորմանը, ձևավորում պաշտպանական միջոցներից օգտվելու հմտություններ․«ՀՊՄՀ-ի դասախոսները բարձր պատրաստականությամբ են վարում դասերը, ուսանողներն էլ ունեն պատշաճ գիտելիքներ»,-հավելեց Նարինե Սահակյանը։

Ամբիոնի դոցենտ Գոհար Մուշեղյանի դասախոսությամբ ամփոփվեց օրվան նվիրված միջոցառումների շարքը։