ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի քաղաքագիտության բաժինը ՀՊՄՀ-ի Քաղաքագիտության և իրավունքի պատմության ամբիոնի, Ժողովրդավարության և երկքաղաքական հետազոտությունների կենտրոնի և Հայկական քաղաքագիտական կայքի օժանդակությամբ կազմակերպել էր «Կոնսոցիալ ժողովրդավարություն.քաղաքական մորֆոլոգիան և իրացման պոտենցիալը» թեմայով գիտաժողով:
ՀՊՄՀ-ի Քաղաքագիտության և իրավունքի պատմության ամբիոնի վարիչ Լևոն Շիրինյանը բացման խոսքում նշեց, որ գիտաժողովի թեման երկար տարիների պրպտումների արդյուք է, իսկ ձեռնարկը ակադեմիական քննարկման իմաստով առաջին հանրապետական քաղաքագիտական ժողովը. «Ժողովրդավարական վարչակարգերի արդյունավետությունը հիմնականում պայմանավորված է այն սոցիալական միջավայրով, որտեղ նրանք գործում են: Ժողովրդավարական վարչակարգերի բազմազանության մեջ առանձնահատուկ տեղ և նշանակություն ունի կոնսոցիալ ժողովրդավարությունը, որը կարելի է կիրառել ինչպես բազմակազմ, այնպես էլ միակազմ հասարակությունների համար»,-նշեց պրոֆեսորը:
Գիտաժողովում Մանկավարժական համալսարանից զեկույցներով հանդես եկան քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանն ու քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Սուքիասյանը՝ ներկայացնելով «Արենդ Լեյփհարթը և զարգացման կոնսոցիալ մոդելը» և «Կոնսոցիալ ժողովրդավարություն.քաղաքական մորֆոլոգիան և իրացման պոտենցիալ» թեմայով զեկույցները:
Ներկայացվեցին նաև կոնսոցիալ ժողովրդավարությունն արդի քաղաքագիտական խոսույթում, կոնսոցիալ խոսույթի հնարավորությունը այսրկովկասյան պետությունների և ժողովուրդների մշակույթում, դրա հոգեբանական առումները, մոդելը տարասեռ հասարակության մեջ, քաղաքական որոշումների ընդունման գործընթացում կառավարող ընտրանիների միջև փոխհամագործակցությունն ու կոնսոցիալ գիտությունների հայեցակարգը, ինչպես նաև ժողովրդավարության մակարդակի ինդեքսը.Հայաստանի ժողովրդավարության վրա ազդող գործոնները:
Ելույթներին հաջորդեց ակտիվ քննարկում:
ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրեն Գևորգ Պողոսյանը կարևորեց նման գիտաժողովների անցկացումը: