Շուրջ 35 ուսանողներ Հայաստանից, Քենիայից, Միացյալ Նահանգներից, Ուկրաինայից, Կորեայից, Չինաստանից, Էկվադորից, Ինդոնեզիայից Հունգարիայի Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համլսարանում մասնակցեցին «Ամառային դպրոց» միջազգային ծրագրին:
Ծրագրի 21 օրերը հագեցած էին հետաքրքիր դասերով, ակտիվ գործնական աշխատանքներով և աննկարագրելի ժամանցով. մասնակիցները եղան Բալատոնում,
Վիշեգրադում, այցելեցին Հունգարիայի խորհրդարան, մի շարք տեսարժան վայրեր:
«Շուրջ 21 օր բացահայտել ենք Բուդապեշտը: Ծրագիրը, բացի նոր ու կարևոր գիտելիքներից, տվել է նաև շատ լավ ընկերներ»,-նշում է ապագա հասարակագետ Էլմիրա Ազարյանը:
Լիլիթ Զահաբին էլ հավելում է, որ Հունգարիայում անցկացրած օրերն ու «Ամառային դպրոց»-ը հնարավորություն ընձեռեցին ևս մեկ մեծ քայլ կատարելու մասնագիտական առաջընթացի համար:
Ծրագրի վերջին օրը ուսանողներն ունեցան հետաքրքիր դատախաղ, որտեղ փորձեցին կիրառել ամառային դպրոցում ստացած հմտություններն ու կարողությունները:
Ուսանողները հավաստիացնում են՝ ծրագիրը հնարավորություն տվեց զարգացնելու թե՛ մասնագիտական, թե՛ ճանաչողական հմտությունները, իսկ Հայաստան եկել են վառ տպավորություններով, ջերմ հիշողություններով: