ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Ամառային դպրոց 2016»-ի մասնակիցները մրցեցին տարբեր սպորտաձևերում
17.08.2016
«Ամառային դպրոց 2016»-ի մասնակիցները մրցեցին տարբեր սպորտաձևերում

Աղավնաձորի ուսումնական բազայում «Ամառային դպրոց 2016»-ի մասնակիցների 8-րդ օրվա մեկնարկը սպորտային էր:

Օրեր շարունակ ծանոթանալով Հայաստանի տեսարժան ու պատմամշակութային վայրերին, ճանաչողական այցեր կատարելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Գևորգյան ճեմարան, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ, հյուրընկալվելով Մանկավարժական համալսարան, ծանոթանալով բուհի ժամանակագրությանը, ներկայիս գործունեությանն ու կրթական համակարգին, ուսանողներն իրենց հերթական օրը սկսեցին` ուժերը փորձելով մարզական մի քանի սպորտաձևերում:

Տեղի ունեցան նախորդ օրերի ընթացքում մեկնարկած խաղերի եզրափակիչ հանդիպումները: Մասնակիցներն իրենց ուժերը չափեցին շաշկու, շախմատի, սեղանի թենիսի և վոլեյբոլի մրցումներում:

old.aspu.am-ի հետ զրույցում Մանկավարժական համալսարանի Սպորտի և շախմատի ամբիոնի վարիչի տեղակալ Սուրեն Բարսեղյանը նշեց, որ ամենաթեժ պայքարը ծավալվել է վոլեյբոլի առաջնության ժամանակ, որտեղ հաղթողի տիտղոսի համար պայքարում էին Սանկտ Պետերբուրգի տնտեսագիտական և Լիտվայի կրթական գիտությունների համալսարանների թիմերը. վերջիններս հաղթեցին 2:1 հաշվով:

Սպորտային մթնոլորտն էլ ավելի թեժացավ, երբ տարբեր երկրների ուսանողներ միավորվեցին մեկ ֆուտբոլային թիմում և իրենց ուժերը փորձեցին Մանկավարժական համալսարանի աշխատակիցներից համալրված թիմի հետ. այս խաղում արդեն հաղթեց միասնությունն ու ընկերությունը:

Մասնակիցներն օրը լրացրեցին մայրաքաղաք Երևանում զբոսանքով, իսկ երեկոյան կազմակերպվեց ֆիլմի դիտում:

Նշենք, որ «Ամառային դպրոց 2016» միջազգային ուսանողական ծրագրի պաշտոնական փակումը տեղի կունենա վաղը` օգոստոսի 18-ին Մանկավարժական համալսարանի Աղավնաձորի ուսումնական բազայում: