ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Ամառային դպրոց 2016»-ին կմասնակցի 81 ուսանող
28.04.2016
«Ամառային դպրոց 2016»-ին կմասնակցի 81 ուսանող

Մանկավարժական համալսարանի բակալավրիատի և մագիստրատուրայի 81 ուսանող այսօր մասնակցեց բուհի նախաձեռնությամբ «Ամառային դպրոց» ծրագրի շրջանակներում անցկացվող վիճակահանությանը:

Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ, Բելառուս, Լիտվա, Ֆինլանդիա, Հունգարիա՝ սրանք ծրագրի շրջանակներում ՀՊՄՀ-ի ուսանողներին հյուրընկալող այն երկրներն են, որոնց ուսանողներն էլ կլինեն նաև Մանկավարժականի Աղավնաձորի ուսումնական բազայում:

Արդեն 4-րդ տարին անկացվող ծրագրին մասնակցելու համար մրցույթին դիմել էր շուրջ 200 ուսանող, ընտրվել նրանցից 74-ը. ևս 7-ն էլ վիճակահանությանը մասնակցեց հատուկ սկզբունքով: Նրանք նախորդ տարի Աղավնաձորում հանգիստն անցկացրած այն ուսանողներն էին, որոնք այս տարի դեռ ավարտական կուրսում չեն և ծրագրին կմասնակցեն Հայաստանի սահմաններից դուրս:

Այս տարի ևս Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի մրցույթի պահանջները հաղթահարած 10 ուսանող, առանց վիճակահանությանը մասնակցելու, կմեկնի Մոսկվայի հոգեբանամանկավարժական համալսարան:

Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Արա Երեմյանը շնորհավորեց մրցակցությունը հաղթահարած ուսանողներին՝ վստահեցնելով, որ համագործակցության սահմանները ընլայնելուն զուգահեռ բարձրացել է նաև մասնակիցների որակը. «Ամենատարբեր երկրների երիտասարդների հետ շփումը կնպաստի լեզվական անջրպետի վերացմանը, տարբեր երկրների միջև մշակութային կապերի ամրապնդմանը. դա շատ կարևոր է նաև Մանկավարժականի միջազգայնացման տեսանկյունից»:

Միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Քրիստինա Ծատուրյանն էլ ևս մեկ անգամ հիշեցրեց, որ մրցույթի արդյունքներն ամփոփելիս հանձնաժողովը եղել է առավելագույն օբյեկտիվ և անաչառ, հաշվի են առնվել մրցութային գնահատականները, հաղորդակցման տարբեր հմտություններն ու կարողությունները, իսկ տարբեր մասնակիցների միջև հավասար միավորների դեպքում՝ նաև ուսանողի առաջադիմությունը:

Ի դեպ, վերոնշյալ խնդիրների պարզաբանման համար հանդիպում է կազմակերպվել վիճականությունից դուրս մնացած ուսանողների հետ:

Նշենք, որ «Ամառային դպրոց» փոխանակման ծրագրին կմասնակցեն նաև ուսանողներ վերոնշյալ երկների գործընկեր բուհերից. նրանք կհյուրըկնալվեն ՀՊՄՀ-ի Աղավնաձորի ուսումնական բազայում, կմասնակցեն կրթական և մշակութային գերհագեցած ծրագրին: