ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Ամառային դպրոց 2016». բացահայտեցին Բելառուսը՝ կրթությունից մինչև մշակույթ
30.08.2016
«Ամառային դպրոց 2016». բացահայտեցին Բելառուսը՝ կրթությունից մինչև մշակույթ

Մանկավարժական համալսարանի 11 ուսանող «Ամառային դպրոց 2016» ծրագրի շրջանակներում ուղևորվեց Բելառուս, որտեղ նրանց հյուրընկալեցին Բելառուսի մանկավարժական համալսարանի ներկայացուցիչները:

Տարբեր ազգեր միավորած ծրագրի ընթացքում մասնակիցներն այցելեցին երկրի պատմամշակութային վայրեր, թանգարաններ, ծանոթացան նրանց պատմությանը, ազգային ավանդույթերին:

Աբովյանականները մասնակցեցին նաև մեծ շուքով նշվող բելառուսական ազգային տոներին՝ «Իվան Կուպալա»-ին և «День вышиванки»-ին: ՀՊՄՀ-ի ուսանողները հենց միջոցառման ընթացքում ներկայացրին Կոմիտասի ստեղծագործություններից, ինչի շնորհիվ գրավեցին բելառուսական ԶԼՄ-ների ուշադրությունը. երկու օր շարունակ մամուլն իր հրապարակումներում ուսանողներին ներկայացրեց իբրև Բելառուսի կրթությանն ու մշակույթին ծանոթանալու  նպատակով երկիր ժամանած հայ զբոսաշրջիկների:

Տեղի ամենաակտիվ ճամբարներից «Սպուտնիկ» կազմակերպված այցը համընկավ հայերի Վարդավառի օրվա հետ և հայ ուսանողներն այդ տոնը տեղափոխեցին Բելառուս. տարբեր ազգերի ներկայացուցիչներ այդ տոնը նշեցին ինչպես հայերը:

Ծրագրի հերթական հագեցած օրը մասնակիցներն  այցելեցին «Միր» և «Նեսվիժ» դղյակներ՝ Բելառուսի ամենաերևելի և տեսարժան վայրերը, որտեղ ծանոթացան հին կայսրերի ապրելակերպին և թե ինչպես են նրանք իրենց շքեղ դղյակներում պատրաստվել բոլոր պատերազմներին:

Բացի զբոսանքից, ուսանողներն անցկացրել են նաև սպորտային խաղերով հագեցած ժամանակ, Բելառուսի մանկավարժական համալսարանի կիրառական բաժնի դասախոսների օգնությամբ պատրաստել ազգային տիկնիկներ: Այցի ընթացքում կազմակերպվեց նաև հանդիպում տեղի հայերի հետ՝ օրն անցկացնելով հայկական երգ ու պարով:

Ծրագրի շրջանակներում ուսանողները ներկա եղան նաև Բելառուսի  Մանկավարժական համալսարանում մագիստրատուրայի համակարգին և պատմությանը նվիրված դասախոսությանը, այցելել Բելառուսի ազգային գրադարան:

Բելառուսյան ծրագրի հանդիսավոր փակման ժամանակ մասնակիցները ներկայացրին իրենց համալսարանը, երկիրը, ազգային երգերն ու պարերը, փոխանակվեցին նվերներով, ստացան պատվոգրեր և հրաժեշտ տալով միմյանց՝ խոստացան աննախադեպ ծրագրի շրջանակներում կրկին հանդիպել: