Նոր ծանոթություններ, հետաքրքիր պատմություններ, նույնանման սովորություններ ու դրական միջավայր․ «Ամառային դպրոց»-ի մասնակիցները նախ բաժանվեցին թիմերի, ապա գործնական աշխատանքների միջոցով փորձեցին ավելի լավ ճանաչել միմյանց և առանձնացրին այն ակնկալիքները, որ ունեն ուսանողական միջազգային ծրագրից:
«Ես և Հայաստանը» խորագրով առաջադրանքի շրջանակներում էլ օտարերկրյա ուսանողները ներկայացրին մեր երկրի վերաբերյալ ունեցած պատկերացումները: Արարատ լեռ, խաչքարեր, եկեղեցիներ ու մրգեր․ այսպսին էին պատկերացրել ու ճանաչել մասնակիցները Հայաստանը՝ մինչև այցելելը:
Ծրագրի հաջորդ օրը ուսանողներն այցելեցին Նորավանքի վանական համալիր, 13-14-րդ դարերի նշանավոր հայկական կրթօջախ Գլաձորի համալսարանի պատմության և մշակույթի թանգարան, Թանահատ վանք:
«Ինձ համար հետաքրքիրն այն է, որ այս կառույցը բավական հին է, բայց այն շատ լավ պահպանված տեսք ունի: Ես կարծում եմ, որ այստեղ արտացոլված է հայկական հին մշակույթը»-old.aspu.am-ի հետ զրույցում նշեց Չինաստանի Հարավարևմտյան համալսարանի ուսանող Ուանգ Քսինինվեն և հավելեց՝ ցանկանում է տարիներ հետո նույնպես կառույցը այսպես կանգուն տեսնել։
Սանկտ Պետերբուրգի Տնտեսագիտական համալսարանի ուսանողուհի Եկատերինա Լուկանինան էլ հավելում է՝ Հայաստանը հարուստ է իր պատմությամբ և շատ ուրախ է իր հետ նոր գիտելիքներ տանելու համար։
«Ամառային դպրոց 2019» միջազգային ծրագիրը շարունակվում է․ առջևում մասնակիցներին սպասվում են նոր բացահայտումներ ու այցելություններ: