Մանկավարժական համալսարանում կայացավ «Սկզբնական կրթության հիմնախնդիրները» խորագրով գիտաժողով:
Զեկուցողներն իրենց ելույթներում ներկայացրին սկզբնական կրթության ոլորտում կատարած հետազոտություններն ու այլընտրանքային մոտեցումները, ինչպես նաև ուսուցման ժամանակակից տեխնոլոգիաները:
Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը կարևորեց արդեն ավանդական դարձած գիտաժողովի անցկացումը և վստահեցրեց, որ այն շատերի համար կլինի մեկնարկային` գիտական պրպտումների ճանապարհին: Նա կոչ արեց համագործակցել ֆակուլտետների և ամբիոնների հետ, զարգացնել հետազոտություններն ու դրանք ներկայացնել համապատասխան հարթակներում:
«Ամեն ինչ սկսվում է մանկությունից. եթե կրտսեր դպրոցական տարիքից ճիշտ չձևավորենք երեխաների արժեհամակարգը, ապա հետագայում ցանկացած աշխատանք արդյունավետ չի լինի»,-նշեց պրոֆեսոր Ջուլիետա Գյուլամիրյանն ու վստահեցրեց, որ նախադպրոցական և կրտսեր դպրոցական տարիքը անձի ձևավորման և զարգացման ամենաարդյունավետ տարիքն է. բաց թողնել դա, նշանակում է լրջորեն խախտել մարդու ձևավորման ամբողջ գործընթացը:
Պրոֆեսորը ուրախությամբ նկատեց, որ հատկապես Սկզբնական կրթության ֆակուլտետի ուսանողներն են ուսումնասիրում այդ տարիքի երեխաների հետաքրքրությունները և ձգտում են դրանք ուսումնասիրել ավելի շատ գիտական մակարդակներում:
Սկզբնական կրթության ֆակուլտետի դեկան Հեղինե Խաչատրյանը ուսանողներին հորդորեց անկաշկանդ լինել ելույթներում, կարողանալ ճիշտ ներկայացնել սեփական հետազոտությունները և պատրաստ լինել լսարանի հետ հարցուպատասխանի, ինչը կձավորի ավելի գրագետ հարթակ նման ձեռնարկներում:
Սկզբնական կրթության ֆակուլտետի՝ գիտության և միջազգային համագործակցության գծով դեկանի տեղակալ Լուսինե Պողոսյանն էլ հավելեց, որ այս տարի գիտաժողովն ունի մի կարևոր առանձնահատկություն. ընդունվել են հոդվածներ, որոնք պարտադիր ունեն հետազոտական բաղադրիչ: Դրա նպատակն է խթանել մասնագիտական կոմպետենցիաների զարգացումը՝ հետագայում մանկավարժական ոլորտում ևս հետազոտություններ կատարելու համար:
«Բարձրացրեք վիճահարույց հարցեր՝ նույնիսկ նվազագույն հավանականության դեպքում. շատ հաճախ դրանք հաջողությունների և մեծածավալ հետազոտությունների սկիզբ են լինում»,-նշեց պրոֆեսոր Վոլոդյա Կարապետյանն ու ուսանողներին հորդորեց ավարտական քննությունների նախաշեմին՝ լինել ազնիվ և շիտակ մասնագիտական գործունեություն իրականցնելիս: