Արդեն 3-րդ տարին է, որ Մանկավարժական համալսարանի Պատմության և իրավագիտության ֆակուլտետը կազմակերպում է ՀՀ ավագ և միջնակարգ դպրոցների 11-12-րդ դասարանների աշակերտների օլիմպիադա` «Հայոց պատմություն» առարկայից:
Այս տարի մասնակցության համար դիմել է Երևանի և մարզերի շուրջ 200 աշակերտ. 5-ական աշակերտ 11-րդ և 12-րդ դասարաններից:
Տարբեր խմբերի բաժանված օլիմպիադայի մասնակից աշակերտները երկու օրերի ընթացքում կստուգեն իրենց գիտելիքներն ու հաղթելու դեպքում կստանան հավաստագրեր, մրցանակներ և մինչև 50% վարձի զեղչ՝ ՀՊՄՀ-ի Պատմության և իրավագիտության ֆակուլտետում սովորելու դեպքում:
Մինչ օլիմպիադայի մեկնարկը, աշակերտները, նրանց ծնողներն ու ոսւուցիչները շրջեցին բուհի թանգարանում, ծանոթացան 95-ամյա համալսարանի պատմությանն ու ժամանակագրությանը:
Աշակերտներին ողջունեց Պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանը՝ տեղեկացնելով, որ Մանկավարժական համալսարանը մշտապես պատրաստ է տարբեր ուղղություններով համագործակցել դպրոցականների հետ, լսել նրանց առաջարկները:
Կրթության բարձր որակ, տեխնիկապես վերազինված լսարաններ, արտասահմանյան բուհերի հետ փոխանակման ծրագրեր, չթանկացած ուսման վարձ և այլն. Էդգար Հովհաննիսյանը ներկայացրեց Մանկավարժական համալսարանում սովորելու առավելություններն ու հավելեց, որ բուհը լայն հնարավորություններ է ընձեռում հատկապես բարձր առաջադիմությամբ ուսանողների համար:
«Թող հաղթի լավագույնն ու ուժեղագույնը»,-նշեց Էդգար Հովհաննիսյանն ու հաջողություն մաղթեց օլիմպիադայի մասնակիցներին:
Նշենք, որ օլիմպիադայի արդյունքները կհրապարակվեն նաև բուհի պաշտոնական կայքում: