ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հունգարիայի Պիտեր Պազմանի անվան Կաթոլիկ համալսարանի պատվիրակությանը
23.03.2016
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հունգարիայի Պիտեր Պազմանի անվան Կաթոլիկ համալսարանի պատվիրակությանը

Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում ընդունեց Հունգարիայի Պիտեր Պազմանի անվան Կաթոլիկ համալսարանի ռեկտոր պրոֆ. Սուրոմի Սաբոլչին, դասախոսներին և ուսանողներին` ուղեկցությամբ Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր պրոֆ. Ռուբեն Միրզախանյանի:

Հանդիպումն սկսվեց միասնական Տերունական աղոթքով: Ապա տիար Ռ. Միրզախանյանը, ուրախություն հայտնելով հյուրերի` Մայր Աթոռ կատարած այցի առիթով, ներկայացրեց երկու կրթական հաստատությունների միջև ձևավորվող գործակցությունը: Նա մասնավորապես տեղեկացրեց, որ կնքվելու է համագործակցության պայմանագիր, որի համաձայն Հունգարիայում հիմնադրված 18-րդ դարի այդ կարևորագույն կրթական հաստատությունում ստեղծվելու է հայագիտական ամբիոն, իսկ առաջիկա տարիներին իրականացվելու են նաև դասախոսների և ուսանողների փոխանակման ծրագրեր:

Այնուհետև իր օրհնությունն ու հայրապետական պատգամը ներկաներին փոխանցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նորին Սրբությունն ընդգծեց, որ հաճելի է համայն հայության հոգևոր կենտրոնում հյուրընկալել Կաթոլիկ համալսարանի ռեկտորին, դասախոսներին և ուսանողներին: 

Անդրադառնալով պատմական աղերսներին` Վեհափառը փաստեց, որ այս գործակցային հարաբերությունները գալիս են նորոգելու այն ջերմ կապերը, որոնք դեռևս 10-րդ դարից ձևավորվել են երկու բարեկամ ժողովուրդների միջև: Նորին Սրբությունը խոսեց Հունգարիայի հայկական համայնքի ու հայ ժողովրդի կողմից այնտեղ կերտած կրթական ու մշակութային հաստատությունների մասին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Կաթոլիկ համալսարանի պատվիրակությանը ներկայացրեց Հայ Եկեղեցու առաքելությունը հայ ժողովրդի կյանքում, պատմության ընթացքում դիմագրաված փորձությունները և արդի մարտահրավերները:

Հայոց Հովվապետը գոհունակությամբ անդրադարձավ նաև Հայաստանյայց Առաքելական և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցիների եղբայրական փոխհարաբերություններին, ինչպես նաև Ֆրանցիսկոս Պապի` Հայաստան կատարելիք առաջիկա այցին: Այս առիթով Նորին Սրբությունը վերհիշեց 2015 թ. ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Հռոմի Քահանայապետի կողմից մատուցված Ս. Պատարագը` ընդգծելով, որ հայ ժողովուրդը մշտապես երախտագիտությամբ է հիշելու վերջինիս կողմից ցուցաբերված զորակցությունը:

Այս առիթով խոսք ասաց նաև պրոֆ. Սուրոմի Սաբոլչը: Մեծ հարգանքով արտահայտվելով Հայ Եկեղեցու և հայ ժողովրդի անցած ճանապարհի մասին` նա փաստեց, որ իր և Պիտեր Պազմանի անվան համալսարանի ուսանողների համար չափազանց կարևոր է հայ ժողովրդի հոգևոր կենտրոնում գտնվել ու հաղորդակցվել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ, ինչպես նաև մոտիկից ծանոթանալ հայ ժողովրդի նվիրական արժեքներին ու սրբություններին: Ռեկտորը նաև իր ուրախությունը հայտնեց երկու կրթօջախների միջև ձևավորված սերտ կապերի համար:

Հանդիպման ավարտին Վեհափառ Հայրապետը հաճելի կեցություն մաղթեց ամենքին Հայաստանում: Ցավով արձանագրելով և դատապարտելով մարտի 22-ին Բելգիայում տեղի ունեցած սարսափելի ահաբեկչությունը` Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկաներին հրավիրեց համատեղ աղոթքի` հիշելու տարբեր երկրներում պատերազմական և ահաբեկչական գործողությունների հետևանքով զոհվածներին:

Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

Սկզբնաղբյուրը՝ http://www.armenianchurch.org/