ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մոսկվայի պետական մանակվարժական համալսարանի ռեկտորին
16.05.2016
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մոսկվայի պետական մանակվարժական համալսարանի ռեկտորին

Մայիսի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր, ակադեմիկոս Ալեքսեյ Սեմյոնովի գլխավորած պատվիարկությանը, որին ուղեկցում էր Հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը:

ՀՊՄՀ-ի ռեկտորն Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեց երկու կրթական հաստատությունների միջև ձևավորվող համագործակցությունը և կրթական գործընթացներին նպաստելուն ուղղված առաջիկա համատեղ ծրագրերն ու ձեռնարկները:

Նորին Սրբությունն իր հայրապետական գնահատանքը փոխանցեց հյուրերին՝ մեծապես կարևորելով կրթական հաստատությունների միջև հարաբերությունների սերտացումն ու առավել արդյունավորումը` ընդգծելով, որ դրանք պետք է համահունչ լինեն երկու ժողովուրդների դարավոր բարեկամության ոգուն:

Վեհափառ Հայրապետն իր գոհունակությունը հայտնեց միջպետական մակարդակի վրա կրթական ոլորտում ձևավորվող գործակցության համար և գնահատանքով նշեց, որ այսօր Մայր Աթոռ Ս. Էջմիածինը սերտորեն համագործակցում է ՀՀ Կրթության և գիտության նախարարության, տարբեր ուսումնական հաստատությունների, այդ թվում՝ Մանկավարժական համալսարանի հետ:
Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի ռեկտորը կարևորեց իր այցն ու խոսեց ուսանողների հետ տարվող համակողմանի կրթադաստիարակչական աշխատանքի, մասնավորապես՝ սոցիալական ծառայության ոլորտում ուսանողների ակտիվ ներգրավման մասին:

Ալեքսեյ Սեմյոնովը ներկայացրեց համալսարանի և Ռուս Ուղղափառ Եկեղեցու միջև ձևավորված ամուր կապերը՝ ընդգծելով՝ կրթության ոլորտում գիտելիքներին զուգահեռ հոգևոր արժեքների փոխանցման առաջնահերթության մասին:

Հանդիպման ընթացքում ռեկտորն իր ցավն արտահայտեց այս օրերին Լեռնային Ղարաբաղի սահմանագծին տիրող իրավիճակի առթիվ: