Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց Հունգարիայի Պիտեր Պազմանի անվան Կաթոլիկ համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Սուրոմի Սաբոլչին և մի խումբ ուսանողների` ուղեկցությամբ Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանի:
Ընդունելության համար շնորհակալություն հայտնելով Նորին Սրբությանը` Ռուբեն Միրզախանյանը փաստեց, որ սա վկայությունն է Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից մատաղ սերնդի դաստիարակության գործին ցուցաբերվող մեծագույն ուշադրության: Այնուհետև ռեկտորն անդրադարձավ երկու համալսարանների միջև ձևավորված բարեկամական հարաբերություններին` տեղեկացնելով, որ երկուստեք ստորագրվել են համագործակցության նոր համաձայնագրեր: Ռուբեն Միրզախանյանը ներկայացրեց նաև Պիտեր Պազմանի անվան Կաթոլիկ համալսարանում բացված հայագիտության ամբիոնի լայնածավալ գործունեությունը:
Իր հերթին հոգածու վերաբերմունքի և ստացած վառ տպավորությունների համար երախտագիտության խոսքով հանդես եկավ նաև Կաթոլիկ համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Սուրոմի Սաբոլչը` նշելով, որ իրենց համար շատ ուրախալի է Ավագ Շաբաթվա ընթացքում վերստին այցելել համայն հայության հոգևոր կենտրոն և հանդիպել Հայոց Հովվապետի հետ:
Վերջում իր հայրապետական պատգամը ներկաներին փոխանցեց Գարեգին Բ Կաթողիկոսը: Նորին Սրբությունն ընդգծեց, որ հաճելի է տեսնել տարիներ առաջ սկզբնավորված սերտ համագործակցության շոշափելի արդյունքները: Վեհափառ Հայրապետը հավելեց, որ այս ջերմ փոխհարաբերությունները սնվում են բարեկամ երկու ժողովուրդների դարավոր պատմական ավանդույթներից, իսկ այսօր նորովի կենդանության շունչ են ստանում և առավել զորանում:
Զրույցի ընթացքում Նորին Սրբությունն անդրադարձավ հայ հոգևորականների պատրաստությանը և արտերկրում նրանց ուսումնառությանը` վստահություն հայտնելով, որ արտասահմանյան համալսարանների շարքում մոտ ապագայում կլինի նաև Պիտեր Պազմանի անվան Կաթոլիկ համալսարանը: Նորին Սրբությունը կարևորեց նաև այն, որ պրոֆեսոր Սուրոմի Սաբոլչն այս օրերին Մայր Աթոռում իր ներկայությամբ մեծապես ոգևորել է Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսչական, դասախոսական կազմին և ուսանողներին:
Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ