ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ԱՄՆ-ի համալսարանի պրոֆեսորը կդասավանդի Մանկավարժականում
31.08.2016
ԱՄՆ-ի համալսարանի պրոֆեսորը կդասավանդի Մանկավարժականում

ԱՄՆ-դասախոսների փոխանակման Ֆուլբրայթ ծրագրի շրջանակում մեկ կիսամյակ Մանկավարժական համալսարանի Հատուկ կրթության ֆակուլտետում կդասավանդի ԱՄՆ-ի Քոնքորդիա համալսարանի պրոֆեսոր Քևին Միլլերը:

Օտարերկյա դասախոսի երկարաժամկետ դասավանդման նման փորձ բուհում առաջին անգամ է իրականցվում:

Մինչ ուսումնական տարվա մեկնարկը պրոֆեսորն այցելեց բուհ, հանդիպեց բուհի և Հատուկ կրթության ֆակուլտետի ներկայացուցիչների հետ՝ ծանոթանալու և քննարկելու ապագա անելինքները:

Հանդիպման ընթացքում ՀՊՄՀ-ի աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրեռեկտոր Արա Երեմյանը ողջունեց հյուրի այցը Մանկավարժական համալսարան՝ընդգծելով, որ բուհի համար մեծ պատիվ և ձեռքբերում է նման մասնագետի դասավանդումը ՀՊՄՀ-ում:

«Համալսարանը կարևորում և մշտապես ուշադրության կենտրոնում է պահում հատուկ կրթության ոլորտը: Մենք տարածաշրջանում հատուկ մանկավարժներ պատրաստող միակ կրթական հաստատությունն ենք» - ասաց պրոռեկտորը և հավելեց, որ համալսարանը երկկողմանի արդյունավետ աշխատանքի համար կանի հնարավոր ամեն ինչ:

«Այս համագործակցությունը հաճելի և երկարատև աշխատանքի արդյունք է: Մենք հաջողակ ենք, քանզի հնարավորություն ունենք աշխատել նման մասնագետի հետ: Սա բուհի միջազգայանացման գործում շատ կարևոր է. մեր ուսանողներին բացառիկ հնարավորություն է ընձեռվում նոր գիտելիքներ ստանալ և ծանոթանալ մասնագիտական ոլորտի ամերիկյան բազմաթիվ մոտեցումներին»,- ասաց Հատուկ կրթության ֆակուլտետի դեկան Արմինե Ավագյանը:

Վերջինս շնորհակալություն հայտնեց Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը՝ ոլորտի նկատմամբ մշտապես հետաքրքվածություն և սրտացավություն ցուցաբերելու համար:

Քևին Միլլերը շնորհակալություն հայտնեց այս գործում իրեն վստահելու և սիրալիր հյուրընակության համար. «Մեծ խանդավառությամբ եմ մոտենում դասավանդմանն ու իրականացվելիք հետազոտական աշխատանքներին: Շատ գաղափարներ ունեմ և վստահ եմ, որ միասին կկարողանանք իրականացնել ու կարձանագրենք հաջողություններ»,- նշեց պրոֆեսորը և հույս հայտնեց՝ համագործակցությունը կլինի արդյունավետ:

Հյուրին ուղեկցում էր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մշակութային, կրթական ծրագրերի մասնագետ Հասմիկ Միքայելյանը:

Նա ընդգծեց, որ Մանկավարժական համալսարանի հետ համագործակցությունն արդեն ավանդույթ է դարձել, կարևորեց երկկողմանի այս համագործակցությունը և մաղթեց արդյունավետ աշխատանք:

Քևին Միլլերը Հատուկ կրթության ֆակուլտետի մագիստրոսներին կդասավանդի «Նորարարական տեխնոլոգիաները՝ հատուկ կրթության ոլորտում», «Խոսքի խանգարումների նյարդալեզվաբանական, նյարդահոգեբանական վերլուծություն», իսկ բակալավրիատում՝ «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատում» առարկաները: Դասավանդման ընթացքում պրոֆեսորը հանդես կգա նաև բաց դասախոսություններով՝ ներառական դպրոցների և վերականգնողական կենտրոնների մասնագետների համար: