ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ամփոփեցին  մանկավարժական պրակտիկան
06.06.2025
Ամփոփեցին  մանկավարժական պրակտիկան

ՀՊՄՀ-ի Մանկավարժության ամբիոնի նախաձեռնությամբ կայացավ մանկավարժական պրակտիկայի դիդակտիկ նյութերի ցուցահանդեսը։

Դիդակտիկ նյութեր, բազմաբնույթ պաստառներ, խաղեր, տառադարաններ, բառագրքեր, քարտեր և հետաքրքիր այլ պարագաներ․ ուսանողներն ընդգծեցին պրակտիկայի կարևորությունը՝ տեսական գիտելիքները գործնականում կիրառելու, դիդակտիկ պարագաների և խաղերի կիրառման ընկալման, հաղորդակցական, համագործակցային, գործնական կարողությունների զարգացման, ուսուցման նկատմամբ հետաքրքրության, ուսումնական մոտիվացիայի բարձրացման առումով և այլն։

Ցուցահանդեսի նորարարությունն այն էր, որ բուհի 6 ֆակուլտետի առկա և հեռակա համակարգում սովորող 2-3-րդ կուրսերի ուսանողները ներկայացրին և վերլուծեցին նաև ուսումնաճանաչողական և մանկավարժական պրակտիկաների  ընթացքում կազմակերպած բազմաբնույթ արտադասարանական և արտադպրոցական միջոցառումները։

Երեխաների խմբային համագործակցության, երևակայության, անհարժեշտ պահին իրար օգնելու և աջակցելու կարողությունների զարգացում, խաղային-տրամաբանական գործողությունների միջոցով մտածողության, այցերի միջոցով՝ մշակութային և տեխնոլոգիական գրագիտության, սովորողի հետաքրքրության և նախաձեռնողականության զարգացում, ինքնարտահայտվելու հնարավորություն, մասնակցայնություն, նախաձեռնողականություն և այլն․ ապագա մանկավարժները ներկայացրին պրակտիկայի նպատակները,  անդրադարձան դժվարություններին և  ամփոփեցին վերջնարդյունքներով։

Ցուցահանդեսին ներկա էր նաև բուհի ղեկավար և դասախոսական կազմը, որոնք իրենց դիտարկումները ներկայացրին գործընթացի վերաբերյալ։

Մանկավարժության ամբիոնի դոցենտ Գայանե Հարությունյանը, որը ղեկավարել է պրակտիկայի աշխատանքները, նկատեց՝ կազմակերպված միջոցառումները, ստեղծված նյութերն ունեն կրթական, դաստիարակչական և զարգացնող նշանակություն։ Դրանք նպաստում են ուսանողների մասնագիտական կարողությունների, գիտելիքների և ստեղծագործականության զարգացմանը։

Նշենք, որ ցուցահանդեսի ընթացքում հավաստագրեր հանձնվեցին արտադասարանական միջոցառումների իրականացման գործում նորարարական, քննական-վերլուծական  և ստեղծագործական մոտեցում ցուցաբերելու  անվանակարգերի հաղթողներին։