ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ամփոփիչ համաժողով՝ Էրազմուս+ MODEST-ի շրջանակներում
04.11.2022
Ամփոփիչ համաժողով՝ Էրազմուս+ MODEST-ի շրջանակներում

Նոյեմբերի 3-ին Լատվիայի համալսարանում մեկնարկեց Էրազմուս+ MODEST (Գիտության ոլորտում հետբուհական կրթության արդիականացումը և դասավանդման մեթոդաբանության բարելավումը) ծրագրի ամփոփիչ համաժողովը։ Որպես գործընկեր համալսարան՝ համաժողովին մասնակցում էր նաև Մանկավարժական համալսարանը՝ ի դեմս աշխատակազմի և միջազգային համագործակցության հարցերով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանի։

Վերջինս համաժողովի ընթացքում ներկայացրեց ծրագրի իրականացման ընթացքում ՀՊՄՀ-ի աշխատանքային խմբի մշակած՝ ասպիրանտների համար նախատեսված դասընթացները, դոկտորական վերապատրաստման կենտրոնի ծրագիրը և հետագա աշխատանքները:

Ծրագրի համակարգող Լիտվայի համալսարանը ներկայացրեց գործընկեր համալսարաններում ծրագրի հիմնական վերջնարդյունքները՝ ներառյալ մշակված դասընթացները, դոկտորական վերապատրաստման կենտրոնների գործունեությունը համակարգող փաստաթղթերը, կենտրոններում ընդգրկված ուսանողների և աշխատակիցների թիվը և այլն:

Ի դեպ, նույն ծրագրի շրջանակներում նոյեմբերի 10-12-ը ՀՊՄՀ-ի Աղավնաձորի ուսումնական բազայում  կանցկացվի աշնանային դոկտորական դպրոց։ Դպրոցի նպատակն է ասպիրանտներին զինել հետազոտություն և գիտական նորարարություն իրականացնելու հմտություններով և գիտելիքներով: Դասախոսությունների ընթացքում կներկայացվեն Էրազմուս+ MODEST ծրագրի շրջանակներում մշակված դասընթացները, վերապատրաստման մոդուլները, ինչպես նաև ՀՊՄՀ-ում ստեղծված դոկտորական վերապատրաստման կենտրոնի գործունեությունը:

Նշենք, որ Էրազմուս+ MODEST (Գիտության ոլորտում հետբուհական կրթության արդիականացումը և դասավանդման մեթոդաբանության բարելավումը) ծրագիրը մեկնարկել է 2019 թվականին։ Ծրագրի նպատակն է Եվրոպական Բարձրագույն Կրթական տարածքի (EHEA) և Եվրոպական Հետազոտական տարածքի (ERA) շրջանակներում գործընկեր երկրների բարձրագույն ուսումնական հաստատությունների համագործակցային կարողությունների ընդլայնումը հետբուհական կրթության ոլորտում: