Նոյեմբերի 14-ին տեղի ունեցավ TEMPUS ESPAQ /Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողների մասնակցության բարձրացումը Որակի ապահովման (ՈԱ) գործընթացներում/ ծրագրի ամփոփիչ համաժողովը, որին ներկա էին նաև ծրագրում ներգրավված ՀՊՄՀ-ի աշխատակիցներն ու ուսանողները:
Մանկավարժականը ծրագրի գործընկեր համալսարանն է և 2013 թվականից ակտիվորեն ներգրավված է դրա բոլոր գործընթացներին:
Համաժողովի առաջին հատվածում ՀՀ կրթության և գիտության նախարարության և ծրագրի կոնսորցիումի անդամների միջև կնքվեց փոխհամաձայնության հուշագիր, որի համաձայն՝ կստեղծվի ՀՈՒԱԱ-ին կից գործող Ազգային ուսանող-փորձագետների անկախ մարմին:
Տեղի ունեցավ նաև ծրագրի շրջանակներում նախապես հայտարարված պաստառների մրցույթի ամփոփումը. մասնակից ուսանողները ներկայացրել էին իրենց պատկերացումները որակի ապահովման գործընթացներում ուսանողների մասնակցության բարձրացման վերաբերյալ: ՀՊՄՀ-ի Գեղարվեստական կրթության ֆակուլտետի Ուսանողական խորհրդի կրթության որակի հանձնաժողովի ուսանողներ Էստելլա Սահակյանը, Անահիտ Ադամյանը, Լիլիթ Սեթյանն ու Մարիամ Աղաջանյանը ևս հեղինակել էին պաստառ, որի համար ստացան խրախուսական մրցանակ:
Համաժողովի երկրորդ մասում հայտարարվեց ուսանող փորձագետների անկախ մարմնի առաջին մասնակիցների անուները, որոնց թվում էին նաև ESPAQ ծրագրին մասնակցած, ինչպես նաև ՀՄՊ-ի որակի ապահովման գործընթացներում ակտիվորեն ներգրավված Մանկավարժականի ուսանողներ Միշա Թադևոսյանը, Մարիամ Եվդոկիմովան և Լամարա Աֆրիկյանը:
TEMPUS ESPAQ /Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողների մասնակցության բարձրացումը Որակի ապահովման (ՈԱ) գործընթացներում/ ծրագրի ամփոփիչ համաժողովում համառոտ ներկայացվեց նաև ծրագրի ընթացքը, ձեռքբերումներն ու արդյունքները, ինչպես նաև դրանց պահպանման ուղղությամբ նախատեսվող աշխատանքները: