ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ամփոփվեց ԱՊՀ ուսուցիչների 8-րդ համագումարը
04.10.2024
Ամփոփվեց ԱՊՀ ուսուցիչների 8-րդ համագումարը

Մանկավարժական համալսարանում շարունակվեցին և ամփոփվեցին «Կրթությունը փոփոխվող աշխարհում. գլոբալ իրողությունների ազդեցությունն Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների կրթության զարգացման վրա» խորագրով երկօրյա համագումարի աշխատանքները:

Երկրորդ օրը նշանավորվեց «Ներառական կրթություն.ԱՊՀ երկրների կրթական համակարգին անհրաժեշտ բարեփոխումները», «Օտար լեզուների ուսուցիչների կրթական ծրագրերի կատարելագործման ճանապարհները», «Ժամանակակից պայմաններում կրթական գործընթացի կազմակերպման առանձնահատկությունները. մոդուլային կրթական ծրագրերի մշակում», «21-րդ դարի կոմպետենցիաները դպրոցական կրթության չափորոշիչներում. 21-րդ դարի «4K» կոմպետենցիաները մանկավարժների պատրաստման և մանկավարժական կրթության համատեքստում», «Միջին մասնագիտական կրթության զարգացումը. ԱՊՀ շրջանակներում նոր համագործակցության հնարավորություններ թեմաներով: Շարունակական կրթության կայացման՝ ԱՊՀ երկրների փորձը» մասնաճյուղերի աշխատանքներով։

Կրթական ստանդարտների շուրջ քննարկումները, նոր չափորոշիչների վերաբերյալ զեկույցները առանձնանում էին տեսական վերլուծություններով և պրակտիկ փորձի ներկայացմամբ։ Մասնակիցներն ընդգծում են՝ քննարկումների ընթացքում կրթական մշակույթի կոմֆորտ կա․տարբեր երկրների ներկայացրած փորձը միասնական հետազոտություններ կատարելու լավ հնարավորություն կընձեռի։

ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանն ու ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը համագումարի աշխատանքների ավարտին հավաստագրեր հանձնեցին Մանկավարժական վարպետության 3-րդ միջազգային փառատոնի՝ «Ուսուցիչ», «Դաստիարակ», «Հոգեբան/ սոցիալական մանկավարժ» անվանակարգերի հաղթողներին։ Փառատոնի նպատակն էր հայտնաբերել մանկավարժության ոլորտի հաջողակ և տաղանդավոր մասնակիցներին։

ԱՊՀ գործադիր կոմիտեի կրթության և գիտության, հումանիտար համագործակցության, ընդհանուր քաղաքական և սոցիալական խնդիրների վարչության պետի խորհրդական Գալինա Կազակն, ամփոփելով համաժողովի աշխատանքները, նկատեց՝ մասնակիցները բարձր են գնահատել ԱՊՀ մասնակից բոլոր երկրների համար կարևոր հարցերի քննարկումը, փորձի փոխանակման ընձեռած հնարավորությունը, ԱՊՀ հետագա զարգացմանն ուղղված առաջարկությունների կառուցողական և ռացիոնալ բնույթը։

Գալինա Կազակը նշեց նաև՝ երաշխավորվել են մի շարք դրույթներ, մասնավորապես՝ ԱՊՀ մասնակից երկրների կրթության կառավարման մարմինների և ուսումնական հաստատությունների կողմից համալիր մոտեցման կիրառում՝ կայուն զարգացման մարտահրավերներին դիմագրավելու ունակ մասնագետների պատրաստում, տեխնոլոգիաների մեկտեղում, ժամանակակից կրթական տեխնոլոգիաների և թվային գիտամեթոդական բազայի մշակման և փորձարկման ոլորտում ԱՊՀ մասնակից երկրների համագործակցություն։

Ինչպես նաև երաշխավորվել են օտար լեզվի ուսուցիչների պատրաստման գործում՝ ներառյալ կրթական ծրագրերի բովանդակային թարմացումը, դասավանդման մեթոդիկայի արդիականացումը, գործնական պատրաստվածության կատարելագործումը, ուսուցիչների մասնագիտական, համատեղ կրթական նախագծերի հետագա զարգացումը, միջազգային չափանիշների ներմուծումը, միջին մասնագիտական կրթության ուղղվածությունը դեպի թվային դարաշրջանում ժամանակակից մարտահրավերներին դիմագրավելու ունակ մասնագետներ պատրաստելու նպատակով, ԱՊՀ տարածքում կրթական նախագծերի և կրթական համակարգի զարգացմանն առնչվող քննարկումների համար նախատեսված հարթակների ընդլայնում և այլն։

Համագումարի աշխատանքներից զատ եղան նաև այցելություններ մշակութային հաստատություններ։ Ծրագրի մասնակիցները եղան Մատենադարանում, Հայաստանի պատմության թանգարանում, ինչպես նաև այցելեցին ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիանների կենտրոն, ծանոթացան դիզայնի և տեխնոլոգինաերի ոլորտում հայաստանյան փորձին։