ՀՊՄՀ-ում ամփոփվեց ԵՊՀ-ի, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի (ԱԻ) և ՀՊՄՀ-ի Ուսանողական գիտական ընկերությունների համատեղ նախաձեռնությամբ անցկացող Երիտասարդ պատմաբանների միջազգային գիտաժողովը:
«Եթե ուզում եք հասնել բարձունքների, պետք է շատ աշխատեք, արդյունք տաք»,-գիտաժողովի մասնակիցներին հավաստագրեր հանձելիս նշեց Մանկավարժական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Աշոտ Խոեցյանը:
Ռեկտորն ընդգծեց, որ ուսանողները շատ անելիքներ ունեն այդ դաշտում. պատմագիտական լուրջ հետազոտությունների կարիք կա, որի բանալին գտնվում է նրանց ձեռքում:
«Գիտաժողովի ընթացքում ուսանողը ոչ միայն գիտելիք, այլև տեխնիկական և գիտական թեմաների հետ աշխատելու և դրանք ներկայացնելու հմտություններ է ձեռք բերում: Ներկա ժամանակաշրջանի մարտահրավերների պայմաններում մենք տեսնում ենք, թե որքան կարևոր է հումանիտար բնագավառի մասնագետի դերը տեղի ունեցող գործընթացներում»,-շնորհավորելով Պատմաբանի օրվա առթիվ և կարևորելով ուսանողական նախաձեռնությունը նշեց ՀՊՄՀ պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանը:
Պատմաբանն ընդգծեց՝ հասարակության մեջ ընթացող փոփոխությունների ժամանակաշրջանում հումանիտար կրթությամբ մասնագետներն են, որ հասարակության գիտակցությունը բալանսավորված են պահում ՝ հստակ ընկալելով ազգ-հայրենիք հավիտենական գաղափարը:
Վերջինս շնորհակալություն հայտնեց ՀՊՄՀ դասախոս Գոռ Մարգարյանին՝ գիտաժողովը պատշաճ մակարդակով համակարգելու համար:
ԵՊՀ Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանն էլ նկատեց՝ սկիզբը դրված է, այն էլ ՝ լավագույն սկիզբ. սա այն փորձառությունն է, որով պետք է կայանալ:
Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց նաև Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը, որը կարևորեց զեկուցումների թեմատիկ բովանդակությունը՝ հնագույն փուլերից մինչև մերօրյա պատմություն.«Սա մի հետաքրքիր դպրոց է, որով անցնում են ապագա գիտնականները»:
Պատմաբանի օրվան նվիրված և արդեն ավանդական դարձած ձեռնարկն անցկացվեց նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 3-ը.այն համախմբել էր ինչպես հայաստանյան բուհերի՝ ԵՊՀ-ի, ՀՊՄՀ-ի, ՀՀ ԳԱԱ ԱԻ-ի, Հայ-Ռուսական, Գավառի պետական, Վանաձորի պետական, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանների ու կրթական կենտրոնների, այնպես էլ օտարերկրյա մի քանի համալսարանների՝ Հարավային դաշնային, Մոսկվայի քաղաքային մանկավարժական համալսարանների (ՌԴ) երիտասարդ պատմաբաններին:
Գիտաժողովի աշխատանքներն ու քննարկումները տեղի ունեցան ինչպես ԵՊՀ տարբեր ֆակուլտետներում, այնպես էլ ՀՊՄՀ-ում, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտում:
Հնգօրյա միջազգային գիտաժողովի թեմաներն ընդգրկուն էին և բազմաշերտ. աշխատանքներն ընթացան մի քանի մասնախմբերում՝ հայոց պատմություն և աղբյուրագիտություն, հնագիտություն և ազգագրություն, միջազգային հարաբերություններ և քաղաքագիտություն, արևելագիտություն, մշակութաբանություն և արվեստաբանություն, համաշխարհային պատմություն:
ՀՊՄՀ-ի ուսանողները գիտաժողովին ներկայացրին Տիգրան Մեծի կերպարը գեղանկարչական արվեստում, Սան-Ստեֆանոյից մինչև Բեռլին, նախնիների պաշտամունքը Հայկական լեռնաշխարհում և դրա մնացուկները մեր օրերում, թաղման ծեսի առաձնահատկությունները հայաստանյան եզդիների շրջանում, պառլամենտի զարգացման փուլերը և պառլամենտի կայացման սահմանադրաիրավական նախադրյալները Հայաստանում:
Ապագա պատմաբանների զեկույցներն ընդգրկում էին նաև ֆրանս-օսմանյան ռազմաքաղաքական և առևտրատնտեսական հարաբերությունները XVI-XVIII դարերում, հրեատյացության (անտիսեմիտիզմ) դրսևորումները միջնադարյան եվրոպական իրականության մեջ, քոչվորի կերպարն ու ընկալումները արևելաքրիստոնեական աղբյուրներում (11-15 րդ դարեր):