«Աշակերտներն այս մեծ աշխարհում քո կյանքի անբաժանելի մասնիկն են, ինչպես ատոմը և ֆերմիոնը։ Նրանք տիեզերքը լուսավորող անմար և կենսատու լույսի շող են։ Եղիր հզոր ուսուցիչ, որը կկրթի հզոր սերունդ՝ հայրենիքը պաշտպանող և անսահման սիրող»,- տողերի հեղինակը ՀՊՄՀ Սկզբնական կրթության ֆակուլտետի մագիստրոս Լալա Ստեփանյանն է։
Նա «Մանկավարժություն» առարկայից համահամալսարանական օլիմպիադայում ճանաչվեց հաղթող ։
Մանկավարժության ամբիոնի նախաձեռնությամբ անցկացվող ավանդական ձեռնարկն այս տարի նվիրված էր Երեխաների պաշտպանության միջազգային օրվան։
Ինչպես իր ելույթում նշեց ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աիդա Թոփուզյանը, օր, որ ազդակ է բոլորին՝ երեխաները հասարակության խոցելի խմբերից են և ամենօրյա ուշադրության, սիրո և պաշտպանության կարիքն ունեն։
Օլիմպիադան անցկացվեց 3 փուլով․ նպատակը ավագ դպրոցականների շրջանում մասնագիտական կողմնորոշումն էր, ուսուցչի մասնագիտության հանդեպ հետաքրքրության բարձրացումը, մանկավարժական իրավիճակների վերլուծությունը, դրանց համարժեք լուծումներ տալն ու սկսնակ ուսուցիչներին ուղղված քարոզներ ներկայացնելը։
Բուհի տարբեր ֆակուլտետներից եզրափակչում էր 5 մագիստրոս և 2 բակալավր։
ՀՊՄՀ Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանն կարևորեց բուհական առօրյայի մասնիկը դարձած միջոցառման անցկացումը՝ այն յուրատեսակ ստուգատես համարելով ինչպես պրոֆեսորադասախոսական կազմի, այնպես էլ ուսանողների համար։
Պրոռեկտորն ընդգծեց դասախոս-ուսանող համագործակցության կարևորությունն ու այն, որ վերջիններս իրենց բազմազբաղ առօրյայում արձագանքում և հետևողականորեն մասնակցում են նման ձեռնարկների։
Վստահեցրեց՝ բուհի ղեկավարությունն ուսանողի կողքին է․ պատրաստ են աջակցել և ուղղորդել՝ մասնագիտության ոլորտում նոր ձեռքբերումներ ունենալու, ապագայի վերաբերյալ իրենց տեսլականն իրականացնելու։
Ուսումնական գործընթացների հարցերով պրոռեկտոր Նաիրա Սաֆարյանը մաղթեց, որ հայ մանուկներն ու ուսանողները խաղաղ երկնքի տակ և ապահով երկրում կարողանան իրագործել իրենց նկրտումները։
«Հիշեք՝ պետության, ապագայի կերտողներից մեկը դուք եք, սիրելի ուսուցիչներ, և ուր էլ հասնեք, որ ժամանակում էլ հայտնվեք, հայ քաղաքացուն դաստիարակողն ու ձևավորողը դուք եք»,-սկսնակ ուսուցիչներին ուղղված իր ելույթում նշեց օլիմպիադայում երկրորդ տեղը զբաղեցրած Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի մագիստրոս Սոնա Բաղդասարյանը։
«Մանկավարժություն» առարկայից համահամալսարանական օլիմպիադայի երրորդ տեղը զբաղեցրած Սկզբնական կրթության ֆակուլտետի բակալավրիատի ուսանող Էլեն Գաբրիելյանն էլ իր քարոզում կարևորեց ազգային դաստիարակությունն ու հորդորեց ապագա ուսուցիչներին և աշակերտներին՝ գնահատել այն ամենն, ինչ ունեն․ դա է հային տարբերակում այլ ազգերից։
Ի դեպ, օլիպիադային ներկա էին նաև Երևանի թիվ 104 հիմնական դպրոցի սաները․ նրանք՝ որպես օրվա հերոսներ, հանդես եկան երաժշտական կատարումներով և իրենց շնորհակալությունը հայտնեցին դահլիճում գտնվող մեծահասակներին։