ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ամփոփվեց «Իմ սիմֆոնիկը» ծրագիրը
16.12.2022
Ամփոփվեց «Իմ սիմֆոնիկը» ծրագիրը

Ուսանողական խորհուրդը, համագործակցելով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ, ամիսներ շարունակ Մանկավարժական համալսարանի ուսանողության ակտիվ մասնակցությունն է ապահովում  «Իմ սիմֆոնիկը» երիտասարդական կրթամշակութային ծրագրին, որի շրջանակներում կազմակերպվում են  դասական համերգներ։

Ամփոփիչ միջոցառմանը մասնակցում էին ՀՊՄՀ Ուսանղական խորհրդի անդամներ, ուսանողներ, այդ թվում՝ հանրապետության այլ բուհերից:

«Ծրագրի նպատակը երիտասարդության շրջանում դասական երաժշտության հանդեպ հետաքրքրության և երաժշտության ոլորտում իմացության բարձրացումն է, ինչպես նաև երիտասարդների միջոցով ժանրի տարածումը»,-նշեց նվագախմբի փոխտնօրեն, «Իմ սիմֆոնիկը» ծրագրի ղեկավար Աշխեն Բեգլարյանն ու ներկայացրեց ծրագիրը, ուսանողների մասնակցությունն ու կատարած հարցումները:

Հանդիպման ընթացքում նվագախմբի դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ուսանողներին պատմեց դասական երաժշտության մասին, ընդգծեց այդ ժանրի երաժշտություն լսելու և հեղինակներին ճանաչելու կարևորությունը:

Ձեռնարկի շրջանակներում կայացավ ինտերակտիվ քննարկում, հարց ու պատասխան, որի ընթացքում ուսանողներն ուղղեցին իրենց հուզող հարցերը։

««Իմ սիմֆոնիկը» ծրագրին մասնակցել է շուրջ 330 երաժշտասեր աբովյանական: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցությունն այսքանով չի սահմանափակվելու»,- վստահեցրեց Ուսանողական խորհրդի նախագահ Պարույր Գալստյանը: