Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի Զինվորական մանկավարժություն և հոգեբանություն մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողները ուսումնական պլանով նախատեսված մանկավարժական պրակտիկան անցան ՀՀ ԶՈՒ-ի ուսումնական N զորամասում և Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում:
Ռազմական հաստատությունների ղեկավարներն ի սկզբանե կարևորեցին համագործակցությունն ու աջակցությունը՝ ընդգծելով, որ ուսանողների պատրաստվածության բարձր մակարդակը բխում է նաև բանակի շահերից։
Ռազմական բարձրագույն կրթություն և ծառայողական մեծ փորձ ունեցող հրամանատարներից շատերը նշեցին նաև, որ առանց բազմաբովանդակ մանկավարժական պրակտիկայի փորձի՝ դժվար կլինի անդամագրվել ԶՈՒ-ի շարքեր՝ որպես բարձր որակավորում ստացած սպա-հոգեբաններ։
old.aspu.am-ի հետ զրույցում ուսանողները նշեցին, որ գտնվելով զորամասում, շփվելով սպաների և ժամկետային զինծառայողների հետ, ներկա գտնվելով զորամասում անցկացվող միջոցառուներին, կատարելով հետազոտական աշխատանքներ, որպես ապագա սպա-հոգեբաններ ավելի հստակ ընկալեցին սեփական հնարավորություններն ու կարողությունները ։
Պրակտիկան կարևոր դեր ունեցավ իրենց՝ որպես ապագա մասնագետների կայացման գործում. ուսանողներից շատերը հնարավորություն ունեցան նաև տվյալներ հավաքագրել ավարտական աշխատանքների համար:
Պրակտիկայի ավարտին ամփոփեցին ուսանողների աշխատանքները, որոնց
արդյունքները հետաքրքրեցին նաև ստորաբաժանումների հրամանատարներին, ովքեր երախտագիտություն հայտնեցին դասախոսական կազմին և ուսանողներին՝ խոստալով ստորաբաժանումների մարտունակության բարձրացման նպատակով հաշվի առնել հետազոտությունների արդյունքները:
Թղթապանակներում ամփոփված մանկավարժական պրակտիկայի արդյունքները ներկայացվեցին նաև պրակտիկայի պաշտպանության հանձնաժողովին, ինչն իր արտացոլումը կգտի ամփոփիչ որակավորման քննությունների գնահատականում /30 %/:
Մանկավարժական պրակտիկայի ընթացքում ուսանողներն այցելեցին նաև զորամասին կցագրված Կոտայքի մարզի 5 դպրոց և մասնագիտական կողմնորոշման շրջանակներում ներկայացրին զինվորական հոգեբանի մասնագիտությունը, գործառույթներն ու գործունեության առանձնահատկությունները: