«Հոգեբանական հիմնախնդիրներ. բնութագրերը, դասակարգման և ախտորոշման սկզբունքները» խորագրով միջազգային եռօրյա գիտաժողովի աշխատանքները շարունակվեցին նաև այսօր:
Զեկույցներով հանդես եկան Ռուսաստանի, Ուկրաինայի, Հայաստանի տարբեր համալսարանների ներկայացուցիչներ՝ անդրադառնալով հոգեբանական պրակտիկայի տարբեր ոլորտների, անձի ենթահամակարգերի խնդիրներին, դրանց ախտորոշմանն ու լուծումներին:
Յարոսլավլի Կ. Դ. Ուշինսկու անվան պետական մանկավարժական համալսարանի ընդհանուր և սոցիալական հոգեբանության ամբիոնի վարիչ Վլադիմիր Մազիլովը կարևորեց գիտաժողովի անցկացումը և հույս հայտնեց, որ սա առաջին քայլն է հոգեբանական հիմնախնդիրների դասակարգման և ախտորոշման տեսանկյունից: Վերջինս իր զեկույցում անդրադարձավ հոգեբանության մեջ խնդիրների տեսակներին և ընդգծեց, որ մեծագույն խնդիրները թաքնված են հենց հոգեբանության մեջ: Եղան նաև այլ զեկույցներ, որտեղ ներկայացվեցին հոգեբանական կոնկրետ խնդիրների որոշման մեթոդաբանական սկզբունքներ, անձի զարգացման խնդիրների դասակարգման և հոգեթերապիայի փարձարարական հիմքերը և այլն:
ՀՊՄՀ-ի Կիրառական հոգեբանության ամբիոնի վարիչ Սամվել Խուդոյանն էլ իր զեկույցում ներկայացրեց հոգեբանական խնդիրների դասակարգման մոդելը և գիտաժողովի մասնակիցներին առաջարկեց ստեղծվելիք աշխատանքային հաջորդ հանդիպումը նախատեսել ֆորումի շրջանակներում: Հավելենք նաև, որ միջազգային գիտաժողովի շրջանականերում ստեղծվել է հոգեբաններով և հոգեբույժներով համալրված աշխատանքային խումբ, որը կհամակարգի հոգեբանական խնդիրների դասակարգումը, կմշակի ծրագիր:
Սամվել Խուդոյանը հավելեց նաև, որ խմբում կներգրավվեն ոչ միայն գիտաժողովի մասնակից, այլև այլ երկրների ներկայացուցիչներ, այդ թվում նաև՝ ԱՄՆ-ից:
«Այս երեք օրերի ընթացքում կազմակերպված կլոր սեղան-քննարկումները, սեկցիոն զեկուցումները արդյունավետ էին և կարևոր, քանի որ վերլուծվեցին հիմնական խնդիրները, ներկայացվեցին դիրքորոշումներ, տեսակետներ»,-նշեց պրոֆեսոր Խուդոյանն ու հավելեց, որ գիտաժողովն իր ձևաչափով բացառիկ է, քանի որ աշխարհում առաջին անգամ կդասակարգվեն հոգեբանական պրոբլեմները:
Նշենք, որ «Հոգեբանական հիմնախնդիրներ. բնութագրերը, դասակարգման և ախտորոշման սկզբունքները» միջազգային գիտոաժողովի մասնակիցներն ավարտին ստացան հավաստագրեր, ապա եղան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: