ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ամփոփվեցին օլիմպիադայի արդյունքները
04.06.2025
Ամփոփվեցին օլիմպիադայի արդյունքները

Մանկավարժական համալսարանում ամփոփվեցին ավագ դպրոցականների հանրապետական և ՀՊՄՀ-ի բակալավրի ուսանողական օլիմպիադայի արդյունքները։

Ամենամյա ձեռնարկն անցկացվում է Մանկավարժության ամբիոնի նախաձեռնությամբ․ ավագ դպրոցականների դեպքում այն նպատակ ունի հեշտացնել մասնագիտական կողմնորոշումը, բարձրացնել ուսուցչի մասնագիտության հանդեպ հետաքրքրությունը, բացահայտել դպրոցականների սպասելիքները 21-րդ դարի ուսուցչից։

Այս տարի «Մանկավարժություն» առարկայից դպրոցականների օլիմպիադային մասնակցել է հանրապետության 50 դպրոցի 9-րդ դասարանցի։ Այն անցկացվել է 3 փուլով․ առաջին փուլը հաղթահարել է 50 մասնակից՝ լրացնելով դպրոցական մանկավարժության վերաբերյալ 20 հարցից բաղկացած թեստ։ Հաջորդ փուլ անցածները գրել են «Բուլինգը դպրոցում» թեմայով էսսե, իսկ երրորդ փուլը հաղթահարած 21 աշակերտ ներկայացրել «21-րդ դարի ուսուցիչը իմ պատկերացմամբ» թեմայով աշխատանք։

Հիմնախնդրի էություն և արդիականություն, տեսակետի հիմնավորում, լսարանը զգալու, գրավելու, դատողություններ, հռետորական կարողություններ, խոսքի մշակույթ․ այս չափանիշները հաշվի առնելով օլիմպիադայի կազմկոմիտեն, որ ղեկավարում էր Մակավարժության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աիդա Թոփուզյանը, այսօր ընտրեց 3 հաղթողի։

«Ժամանակակից կրթության պահանջները փոխվում են տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց։ Այսօրվա ուսուցիչը ոչ միայն գիտելիք է փոխանցում, այլև առաջնորդում է աշակերտներին։ 21-րդ դարի ուսուցչի կարևորագույն խնդիրն է սովորեցնել աշակերտներին՝ ինչպես արագ սովորել»,- իր ելույթում նշեց Երևանի թիվ 104 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Արեգ Յավրյանը, որն զբաղեցրեց 1-ին տեղը։ Նրա կարծիքով, ուսուցիչը պետք է լինի համբերատար, հոգատար, համագործակցի աշակերտի հետ, արագ հարմարվի նոր տեխնոլոգիաներին, պատրաստի ապագայի առաջնորդներ։

Հաղթողներ եղան նաև «Հանպատրաստից ելույթ», «Մտորման կոչ», «Ինքնատիպ ելույթ» անվանակարգերում։

ՀՊՄՀ-ի Մանկավարժության ամբիոնի վարիչ Աիդա Թոփուզյանը բարձր գնահատեց աշակերտների կատարած աշխատանքն ու կարևորեց, որ օլիմպիադայի կրտսեր մասնակիցները ուսուցչի մեջ կարևորում են սիրտն ու հոգին, այն, ինչ ներդրվում է ուսումնական գործընթացում։

Ձեռնարկի ընթացքում հայտնի դարձան նաև ՀՊՄՀ-ի բակալավրի ուսանողական օլիմպիադայի արդյունքները։ Նախաձեռնությունը նպատակ ուներ խորացնել ուսանողների մանկավարժական գիտելիքները, ամրապնդել պրակտիկ գործունեություն ծավալելու կարողություններն ու հմտությունները, ձևավորել մանկավարժական մտածելակերպ։

Եռափուլ օլիմպիադայի առաջին փուլի մասնակիցները լրացրել էին մանկավարժության պատմության վերաբերյալ 20 հարցից բաղկացած թեստ։ Երկրորդ փուլ անցած 29 ուսանող ներկայացրել մանկավարժական իրավիճակներ, տվել դրանց լուծման առնվազն երկու տարբերակ, հիմնավորել տեսակետը։ Այս փուլը հաղթահարած 12 մասնակից 3-րդ փուլում ներկայացրեց անհատական և խմբային նախագիծ՝ նվիրված մանկության ժամանակակից հիմնախնդիրներին։

Օլիմպիադայի հաղթողը Սկզբնական կրթության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Անահիտ Խուդավերդյանն էր։ Վերջինս անդրադարձավ երեխայի կյանքում խաղի դերի նվազմանը։ Նրա դիտարկմամբ՝ ժամանակակից կրթական համակարգը պետք է վերագնահատի խաղի դերը և ստեղծի հավասարակշռություն տեխնոլոգիական առաջընթացի և երեխաների բնական զարգացման կարիքների միջև։

Հաղթողներ եղան նաև «Հումանիստական», «Մեդիա», «Ինքնատիպ» նախագիծ անվանակարգերում։

Օլիմպիադայի մասնակիցները ստացան մասնակցության հավաստագրեր, իսկ հաղթողները՝ նվերներ և դիպլոմներ։

ՀՊՄՀ-ի Ուսումնական գործընթացների հարցերով պրոռեկտոր Նաիրա Սաֆարյանը շնորհակալություն հայտնեց ակտիվ մասնակցության և նախագծում դպրոցականների ակտիվ ներգրավման համար։ Պրոռեկտորը կարծում է, որ պետք է հաղթահարել ներկայիս մարտահրավերներն ու դառնալ նոր մոդելի ուսուցիչ, այնպիսին, ինչպիսին ցանկանում է տեսնել 21-րդ դարի աշակերտը։

Օլիմպիադայի աշխատանքները համակարգող, ամբիոնի դոցենտ Նաիրա Մարտիրոսյանն օլիմպիադայի անցկացումը ինքնանպատակ չի համարում․ կարևորում է, որ 12 տարվա պատմություն ունեցող ձեռնարկն անցել է զարգացման փուլեր՝ ընդլայնելով մասնակցության մասշտաբներն ու վերագնահատելով նպատակի կարևորությունը։