ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ամփոփվեցին օլիպմպիադայի արդյունքները
24.06.2022
Ամփոփվեցին օլիպմպիադայի արդյունքները

Ամփոփվեց մանկավարժության վերաբերյալ ավագ դպրոցականների հանրապետական օլիմպիադան։ ՀՊՄՀ-ի 100-ամյակին նվիրված օլիմպիադան կազմակերպել էր բուհի Մանկավարժության ամբիոնը։ Այն անցկացվեց 3 փուլով․ հանրապետության տարբեր դպրոցների 350 աշակերտից 43-ը հաղթահարել 3-րդ փուլը, իսկ նրանցից ընտրված 10 աշակերտից էլ ընտրվեց լավագույն 3-ը։

Ի դեպ, օլիմպիադայի 3-րդ փուլում մասնակիցները պատասխանել են Մանկավարժականի 100-ամյա պատմությանը վերաբերող 10 հարցի, 2-րդ փուլի մասնակիցները առաջադրել են դպրոցական առօրյայից մանկավարժական իրավիճակներ և տվել լուծումներ, իսկ 3-րդ փուլի մասնակիցները պատրաստել են հրապարակային ելույթներ՝ «21-րդ դարի ուսուցիչները» խորագրով:

ՀՊՄՀ-ի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը շնորհակալություն հայտնեց օլիմպիադայի մասնակիցներին և կազմակերպիչներին ու ներկայացրեց 100-ամյա բուհի առաքելությունը, հոբելյանական կարգախոսները, միջոցառումները, դպրոցների հետ համագործակցության ձևաչափերը։

«Այն, ինչ այսօր ներկայացրիք, շատ կարևոր էր: 300-ից ավելի աշակերտ կիսել է իր մտորումները, երազանքները, ժամանակակից ուսուցչի կարողությունների վերաբերյալ իրենց պատկերացումները, որը մեր համալսարանի առաքելությունն է։ Մեկ դարի ընթացքում ստեղծվել է կրթության, ուսուցման, փոխներգործման, հոգեբանական աջակցության, աշակերտի ներուժը վերհանելու, հետադարձ կապը նրա անհատականությանը համահունչ կազմակերպելու խնդիրներին վերաբերող ահռելի զինանոց։ Այն այսօր էլ խիստ արդիական է մեր իրականության և համալսարանի համար»,-նշեց ռեկտորն ու վստահեցրեց, որ աշակերտների առաջարկները տեղ են գտել համալսարանի մագիստրոսական կրթական ծրագրերում:

Սրբուհի Գևորգյանը հույս հայտնեց, որ օլիմպիադայի մասնակիցներից ոմանք ապագայում կլինեն Մանկավարժականի ուսանողները՝ հնարավորություն ունենալով իրագործել իրենց սպասումները՝ երազանքի ուսուցչի, նրա կարողությունների, գործնական հմտություններին տիրապետելու տեսանկյունից․ «Այսօրվա հարթակը դրա վկայությունն էր, փոխներգործում, որի որակը լինելու է չափազանց արդյունավետ՝ Հայաստանի կրթական համակարգի համար»,-հավելեց ռեկտորն ու հավաստագրեր և խորհրդանշական հուշանվերներ հանձնեց աշակերտներին:

Մանկավարժության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աիդա Թոփուզյանը նկատեց՝ ամենամյա օլիմպիադան ամբիոնի լավագույն ձեռքբերումներից մեկը կարելի է համարել, սակայն այս տարի այն հատուկ խորհուրդ ուներ, քանի որ ավագ դպրոցականներին ծանոթացնելու էին բուհի 100-ամյա պատմությանը, հնարավորություն էր ընձեռվելու թերթելու այդ պատմության լավագույն էջերը։

«Օլիմպիադան նպաստեց դպրոցականների զարգացմանն ու կայացմանը։ Նրանցից շատերը կարողացան ինքնուրույն գտնել և ճիշտ օգտագործել իրենց անհրաժեշտ տեղեկատվությունը, սովորեցին ոչ միայն ավելի ուշադիր դիտարկել իրենց շրջապատող կրթական միջավայրը, տեսնել, զգալ դպրոցական կյանքի կոնֆլիկտային և կոնֆլիկտածին իրավիճակները, այլև մտածել և առաջարկել դրանց լուծման և կանխարգելման ուղիները»,-նշեց պրոֆեսոր Թոփուզյանն ու հպարտությամբ նկատեց՝ ավագ դպրոցականները սիրում են իրենց հայրենիքը, իրենց մայրենի լեզուն, դպրոցն ու ուսուցիչներին:

Օլիմպիադայի արդյունքներով՝ պատվավոր 1-ին տեղում՝ Մարտունու Տիգրան Աբրահամյանի անվան դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Էդիտա Օսեյանն էր, 2-րդ տեղում՝ №184 դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Վարդան Ումբրոյանը, իսկ 3-րդ տեղում՝ Վայքի ավագ դպրոցի աշակերտուհի Նելլի Առաքելյանը։ Ի դեպ, օլիմպիադայում 1-ին տեղ գրաված Էդիտա Օսեյանն ընդունվել է Մանկավարժական համալսարան:

Դպրոցականները հստակ ներկայացրին 21-րդ դարի ուսուցչի իրենց տեսլականը՝ տեխնոլոգիաներին տիրապետող, աշակերտի հետ համագործակցող, աշակերտի հոգեբանությունը հասկացող, զարգացած, խելացի, բանիմաց, հետազոտող, մարդկային բարձր հատկանիշներով օժտված, ժամանակի հետ համընթաց քայլող ուսուցիչ:

Ինչպես պրոֆեսոր Աիդա Թոփուզյանը նկատեց՝ աշակերտների ելույթների ընդհանրացումից կարելի էր ստանալ 21-րդ դարի ուսուցչի կերպարը․ «Մենք ինչ-որ բան սովորեցինք միմյանցից, դուք ներկայացրիք՝ ինչի կարիք ունեք, ինչպիսի ուսուցիչ կուզեիք ունենալ։ Դուք եք մեր երկրի ապագան և դուք պետք է կերտեք Հայաստանի վաղվա օրը»,-հավելեց նա: