Մանկավարժական համալսարանում ավարտվեց 2022-2023 ուստարվա առկա բակալավրիատի և մագիստրատուրայի ուսուցման համակարգի ամփոփիչ ատեստավորման քննությունները՝ ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանությունները։
Մանկավարժական մայր բուհն այս տարի ունեցավ 830 շրջանավարտ․ բակալավրիատի 35 մասնագիտությունների գծով առկա ուսուցման համակարգում ավարտեց 598, իսկ մագիստրատուրայի առկա ուսուցման համակարգի 53 մասնագիտությունների գծով՝ 232 ուսանող։
Ուսանողների տեսական և գործնական գիտելիքները գնահատելու համար ձևավորվել են հանձնաժողովներ, որոնք համալրված էին ոլորտի առաջատար մասնագետներով, մասնագիտական հաստատությունների ներկայացուցիչներով։
Ուսումնական գործընթացների հարցերով պրոռեկտոր Նաիրա Սաֆարյանը aspu․am-ի հետ զրույցում վստահեցրեց՝ ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս իրականացվել են անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ՝ քննաշրջանը պատշաճ մակարդակով կազմակերպելու, թափանցիկ և օբյեկտիվ գործընթաց ապահովելու համար։
Պրոռեկտորը նշեց նաև, որ եղել են բողոքարկումներ, սակայն Մանկավարժականում, համաձայն ամփոփիչ ատեստավորման կարգի, քննությունների ընթացքն արձանագրվել և ձայնագրվել է․ «Ամփոփիչ ատեստավորումն իրականացվել է Գիտական խորհրդի հաստատած ամփոփիչ ատեստավորման կանոնակարգի համաձայն՝ ստուգելու շրջանավարտի գիտելիքները, կարողություններն ու հմտությունները։ Բուհն այս տարի ավարտող ուսանողների ուսումնառությունը համընկավ բարդ ժամանակահատվածի հետ՝ համավարակ, պատերազմ։ Ուրախալի է, սակայն, որ անկախ դժվարությունների, ուսանողների մեծամասնությունն ամփոփիչ քննությունները հանձնեց և ավարտում է գերազանց»։
Պրոռեկտոր Սաֆարյանը կարծում է, որ առաջիկայում մանկավարժներ պատրաստող բուհի ամփոփիչ ատեստավորման քննությունների անցկացման կարգում անհրաժեշտ է կատարել որոշակի փոփոխություններ, մասնավորապես՝ ավարտական աշխատանքից բացի, գնահատել նաև մանկավարժական հմտությունները։
Նշենք, որ Մանկավարժականում արդեն իսկ մեկնարկել են հեռակա ուսուցման բակալավրիատի և մագիստրատուրայի ամփոփիչ ատեստավորման քննությունները, որոնք կանցկացվեն հունիսի 4-15-ը։