ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Անցկացվեց ապագա դիմորդների գիտելիքների փորձնական ստուգում
10.02.2025
Անցկացվեց ապագա դիմորդների գիտելիքների փորձնական ստուգում

ՀՊՄՀ Կրթական գործընթացների կառավարման և բարեփոխումների վարչության, Դիմորդների ներգրավման բաժնի և Ուսանողական խորհրդի ջանքերով բուհի ներկայացուցիչներն ու ապագա ուսուցիչներն այցելեցին Տավուշի մարզի մի շարք բնակավայրեր՝ Դիլիջան, Իջևան, Նոյեմբերյան և Բերդ։ Այցի հիմնական նպատակն ավագ դպրոցների 10-րդ դասարանցիների համար կազմակերպված մաթեմատիկա առարկայից ապագա դիմորդների գիտելիքների փորձնական ստուգումն էր։

ՀՊՄՀ ներկայացուցիչները նախ ներկայացրին ծրագրի կարևորությունը, բացատրեցին, թե ինչու է մաթեմատիկան ընտրվել որպես առաջնային առարկա․ այն ընկած է բազմաթիվ մասնագիտությունների հիմքում և զարգացնում է տրամաբանական մտածողությունը։ Ստուգումն իրականացվեց թեստային եղանակով․ 10-րդ դասարանցիները պետք է պատասխանեին տարբեր բարդության խնդիրների։ Դիտարկեց նաև, ինչպես են աշակերտները կողմնորոշվում ժամանակի և խնդիրների լուծման ռազմավարության մեջ։

Մաթեմատիկայից ստացված արդյունքները վկայում են՝ ուսումնասիրությանը մասնակցած ավագ դպրոցների սովորողները պատրաստ են ընդունելության քննությունների։ Բացի այդ, փորձնական ստուգումն ուսուցիչներին և դպրոցներին թույլ է տալիս հստակ պատկերացում կազմել, թե որտեղ են աշակերտները դժվարանում, ինչ ուղղությամբ է պետք խորացնել գիտելիքները և բուհերը որքանով են պատրաստ ճանաչել աշակերտների հավաքած կրեդիտները։

Նշենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հրամանով սահմանվել է Միջնակարգ կրթության կրեդիտային համակարգի ներդրման և գործարկման կարգը, որի նպատակը հանրակրթությունը մոտեցնել եվրոպական չափանիշներին, հնարավորություն ստեղծել սովորողներին արդեն դպրոցական փուլում ձեռք բերել կրեդիտներ, որոնք հետագայում կարող են տեղափոխվել կամ ճանաչվել բարձրագույն կրթության հաստատություններում։

ՀՊՄՀ-ն, որդեգրելով այս մոտեցումը, նախապես համաձայնեցրել էր ավագ դպրոցների հետ տվյալ փորձնական ստուգման անցկացման ձևաչափը, սահմանել գնահատման չափանիշներ և ծրագրել առաջիկա փուլերը։

Ի դեպ, նախատեսված է հայոց լեզվի գնահատման փուլը, որի ստուգման արդյունքները ևս կվերլուծեն ՀՊՄՀ մասնագետները, որպեսզի ամբողջական պատկերացում ստեղծվի հավանական դիմորդների պատրաստվածության մակարդակի վերաբերյալ։

ԿԶՆԱԿ-ի հետ համագործակցությամբ իրականացվող գործընթացի վերջնական նպատակն ուսումնական հաստատությունների և Մանկավարժական համալսարանի միջև համագործակցության պաշտոնական հաստատումն է։ Երկու առարկաների արդյունքների ամփոփումից հետո նախատեսվում է կնքել համագործակցության պայմանագիր, որով հանրակրթական դպրոցների տրամադրած կրեդիտները պաշտոնապես կընդունվեն կամ կճանաչվեն ՀՊՄՀ-ում․ «ՀՊՄՀ-ն փորձում է այս համակարգի ներդրմամբ ապահովել, որ պոտենցիալ դիմորդները ստանան առավել օբյեկտիվ և հավաստիահեն գնահատականներ։ Այն աշակերտները, որոնք հստակ որոշել են իրենց ապագա մասնագիտությունը, կարող են ավելի արագ ներգրավվել համալսարանական միջավայրում։ Այս քայլը կարևոր է նաև կրթական մակարդակի բարձրացման, համաչափ զարգացման և անընդհատ վերապատրաստումների համար»,-old.aspu.am-ի հետ զրույցում նշեց ՀՊՄՀ Դիմորդների ներգրավման բաժնի պետ Լյովա Հարությունյանը։

Նա հավելեց, որ այցելությունը Տավուշի մարզ ոչ միայն կրթական մակարդակի փորձնական ստուգման միջոցառում էր, այլև ոլորտի շարունակական բարեփոխումների ու համագործակցությունների ամրապնդման նոր քայլ․ « Արդյունքները ցույց են տալիս, որ մարզի երիտասարդությունն ունի բավարար ներուժ լավագույն համալսարաններում կրթություն ստանալու համար։ Այնուամենայնիվ, կարևոր է հետագա հետևողական աշխատանքը, որպեսզի կրեդիտային համակարգի ներդրումը լիովին դրական ազդեցություն ունենա դպրոցի և բուհի կապի ամրապնդման վրա։ Տավուշի մարզում ծրագրի հաջող ներդրումը կարող է դառնալ նախադեպ մյուս մարզերի համար, որտեղ նույնպես կարելի է կիրառել նմանատիպ փորձնական ստուգումներ և հաստատել արդյունավետ կրթական համագործակցություն»։

Տավուշի մարզում տեղի ունեցած կրթական միջոցառումը հերթական անգամ ընդգծեց Հայկական պետական մանկավարժական համալսարանի հետևողական ջանքերը կրթության որակի բարելավման ուղղությամբ։