ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Անցկացվեց գրական մրցանակաբաշխություն
13.09.2022
Անցկացվեց գրական մրցանակաբաշխություն

ՀՊՄՀ-ի «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնում ամփոփվեցին «ՀԱՅԿ ՆԱԳԳԱՇԵԱՆ ԳՐԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱՆՔ» հիմնադրամի ամենամյա 5-րդ մրցանակաբաշխության արդյունքները։

Սփյուռքահայ արձակագիր և հասարակական գործիչ Հայկ Նագգաշյանի ընտանիքը 2017 թվականին հիմնել է հիմնադրամը՝ արժևորելու հայրենիքի և սփյուռքահայ գրողների հայերեն նորատիպ գրական-գեղարվեստական երկերը՝ «Արձակ» և «Պոեզիա» անվանակարգերում։

Այս տարի մրցանակի էին ներկայացված Նորայր Գրիգորյանի «Առաջնագիծ» և Հերմինե Ավագյանի «Վազում եմ, սպասի՜ր» գրքերը․ մրցանակաբաշխությանը ներկա էին գրողներ, գրականագետներ, կրթական ոլորտի ներկայացուցիչներ, ընթերցողներ, ուսանողներ։

Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին այսօր հայ-ադրբեջանական սահմանին զոհված հայորդիների հիշատակը․ «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Սուրեն Դանիելյանը նկատում է՝ ապրելու ջիղը, որն ունի մեր ժողովուրդը, անկասելի է․«Դարերի մեջ հաստատել ենք ապրելու մեր իրավունքը, իսկ այսօրվա հանդիպումն ապրելու կոչնակներից մեկն է»։

Պրոֆեսոր Դանիելյանը նկատում է՝ վերջին տարիներին առաջնագիծ եզրույթը դարձել է գրական-գեղարվեստական խորհրդանիշ, ճանաչողություն, և պատահական չէ, որ մրցանակի ներկայացված գրքերից մեկն այդպես էլ կոչվում է․«Մենք բոլորս կարծես ապրում ենք առաջնագծում, թիկունք հասկացություն չկա․ դա հաստատում են նաև մեր գրողները։ Առաջնագծի ճանապարհով այսօր էլ դեպի ինքնություն ենք գնում՝ անցնելով գնդակների, վառոդների միջով․ թիկունքն ու առաջնագիծը դառնում են մեկ, և մեզ կոչում զգաստության»։

Գրական ասպարեզում սերունդների երկխոսությունն ապահովող մրցանակաբաշխությունն այս անգամ անցկացվեց այլ ձևաչափով․ Հայկ Նագգաշյանի և մրցանակակիր հեղիանակների գրական ժառանգությունը ներկայացված էր ոչ թե գրականագիտական «տեսողությամբ», այլ Բանասիրական ֆակուլտետի ուսանողների վերլուծությամբ։

Վաչե Պարտիզունու անվան հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ Քնարիկ Աբրահամյանը նկատում է՝ գրողը, գրականագետը, գրիչ բանեցնողը սպասում է իր ընթերցողին, որոնց շարքում են նաև ապագա բանասերները․«Երբ գրող ես տեսնում, երկխոսությունը կարելի է բացված համարել․ սա նաև լավ փորձառություն է»։

Մրցանակաբաշխության ներկա էր նաև գրող, նախորդ տարվա մրցանակակիր Հուսիկ Արան։ Վերջինս նկատում է՝ պոեզիան մարդու հոգեկերտվածքն է․չկա աշխարհում մեկը, որ չերգի, իսկ երգը՝ բանաստեղծություն Է։ Գրողը կարևորեց մեր օրերում գրականության արժևորումը, և հավելեց՝ հազարամյակներ շարունակ հայ ժողովուրդն ապրել է իր մշակույթով և գրականությամբ։

Հայաստանում և Սփյուռքում ստեղծագործող հեղինակների արժեքավոր գրականության հանրահռչակմանը միտված մրցանակաբաշխությանն այս տարի բացառության կարգով հաղթող դարձավ երկու հեղինակ՝ Նորայր Գրիգորյանը՝ Հայաստանից և Հերմինե Ավագյանը՝ Արցախից։

«Լույսը դարձավ բանաստեղծություն, և բանաստեղծությունն ավելի գեղեցիկ էր, քան լույսը»․ Բանասիրական ֆակուլտետի ուսանողուհու՝ Նորայր Գրիգորյանի «Առաջնագիծ» ժողովածուի վերլուծության մի պատառիկ է։

Գիրքը ստեղծվել է 44-օրյա պատերազմի օրերին։ Հեղինակն ընդգծում է՝ մուսաները չեն լռում, երբ որոտում են հրանոթները։ Նկատում է՝ պատերազմի ժամանակ մի ձեռքում պետք է ռումբ լինի, մյուսում՝ գրիչ։

Արցախցի գրող Հերմինե Ավագյանն էլ խոստովանում է՝ գիրք գրելիս, երբեք չի մտածում մրցանակի մասին, սակայն հաճելի է, երբ գնահատում են գրականության գիտակները։

«Վազում եմ, սպասի՜ր» գրքի մասին խոսելիս էլ հավելում է՝ այն ընթերցողին մոտեցնում է լույսին, պարզությանն ու անկեղծությանը․ պատմվածքի բոլոր հերոսները միմյանց շղթայված են լույսով։

Ամփոփելով մրցանակաբաշխությունը՝ Հայկ Նագգաշյանի որդին՝ Շահե Նագգաշյանը մրցանակակիրներին մաղթեց բեղուն գրիչ, նոր հատորներ ստեղծելու անսպառ ուժ և կարողություն։