ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Անձնական ֆինանսների կառավարում»․ նոր դասընթաց Մանկավարժականում
11.07.2023
«Անձնական ֆինանսների կառավարում»․ նոր դասընթաց Մանկավարժականում

ՀՀ Կենտրոնական բանկի հետ համատեղ ծրագրի շրջանակում ՀՊՄՀ-ի երեք՝ Սկզբնական կրթության, Պատմության և հասարակագիտության, Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետներում նախատեսվում է ներդնել «Անձնական ֆինանսների կառավարման» ընտրովի դասընթացը:

Նպատակը տեսական և գործնական պարապմունքների միջոցով բուհի ուսանողներին հնարավորություն ընձեռելն է յուրացնելու դասընթացում ներառված հիմնական թեմաները՝ նպաստելով անձնական ֆինանսները արդյունավետ տնօրինելու ունակությունների և կարողությունների զարգացմանը:

Ծրագրի ղեկավարը ՀՊՄՀ Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանն է։

Արդեն իսկ իրականացվել են մի քանի աշխատանքային հանդիպումներ, իսկ օրերս կայացավ առաջին սեմինարը, որում ընդգրկված էին ՀՊՄՀ-ի այն դասախոսները, որոնք 2019-2021թթ ժամանակահատվածում վերապատրաստվել են «ֆինանսական կրթությունը դպրոցում» ծրագրի շրջանակում և այդ ոլորտում ունեն փորձառություն։

Սեմինարի ընթացքում պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը մանրամասնեց ծրագրի կառուցվածքը, նպատակը, շահառուներին, թիրախային խմբերին և մատնանշեց ծրագրի վերջնարդյունքները:

Տնտեսագիտության և կառավարման ամբիոնի վարիչ Ռիտա Գևորգյանը, Մաթեմատիկայի և տարրական ուսուցման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Քնարիկ Հովհաննիսյանը ներկայացրին ծրագրի առարկայական նկարագիրը, թեմատիկ տրոհումը՝ ընդգծելով դերային խաղերի, իրավիճակային և խնդրակենտրոն ուսուցման մեթոդների կարևորությունը:

Հետադարձ կապի միջոցով կամփոփվեն մասնակիցների կարծիքները, իսկ օգոստոսին, մշակված ժամանակցույցի համաձայն, սեմինարները կշարունակվեն։

Ծրագրի ֆինանսական և բովանդակային պատասխանատուն ՀՀ Կենտրոնական բանկն է, որի հետ կքնվել է պայմանագիր, իսկ մեթոդական մշակման, դասընթացի կազմման, վերապատրաստումների իրականացման և ներդրման պատասխանատուն Մանկավարժական համալսարանի աշխատանքային խումբն է։

Ինչպես նշվում են ծրագրի պատասխանատուներն՝ այն կրկնակի կարևոր է․ ուսանողը գիտելիք ստանալուց, հետագայում անձնական ֆինանսների կառավարման գործընթացներում ճիշտ կողմնորոշվելուց զատ, ավարտելով համալսարանը, աշխատելով ուսուցիչ, կկարողանա «Անձնական ֆինանսների կառավարման» դասընթացի շրջանակներու ձեռք բերած գիտելիքները փոխանցել դպրոցական տարիքի երեխաներին։