ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Անի» վոկալ համույթը՝ կրկնակի դափնեկիր
21.05.2018
«Անի» վոկալ համույթը՝ կրկնակի դափնեկիր

ՀՊՄՀ-ի Երաժշտության մանկավարժության ամբիոնի «Անի» վոկալ համույթը վերջերս կայացած «Վերածնունդ» և «Արտ Մյուզիք» միջազգային մրցույթ-փառատոններում արժանացել է դափնեկրի կոչման՝ գրավելով 1-ին և 2-րդ տեղերը, ղեկավար՝ ասիստենտ Սուսաննա Պետրոսյան:

«Արտ Մյուզիք» արվեստի 9-րդ միջազգային մրցույթ-փառատոնի նպատակն է բացահայտել և հանրությանը ներկայացնել ստեղծագործ և տաղանդավոր կատարողների, աջակցել նրանց զարգացմանը և փորձի փոխանակմանը արվեստի տվյալ բնագավառում: «Վոկալ համույթ և երգչախումբ» անվանակարգում մրցում էին Հայաստանից և արտերկրից 16 կոլեկտիվներ:

Գյումրիում անցկացվող «Վերածնունդ» միջազգային մրցույթն այս տարի նվիրված էր Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին և փառատոնի հիմնադրման 10-ամյակին: Փառատոնի նպատակն է այլազգի մասնակիցներին ծանոթացնել հայ արվեստին և հնարավորություն ընձեռել ներկայացնելու իրենց ազգային մշակույթի առանձնահատկությունները, պայմաններ ստեղծել գեղարվեստական կրթության բնագավառում մանկավարժական փորձի փոխանակման համար: Փառատոնն հնրավարություն տվեց արվեստի տարբեր ոլորտներից ընտրել և աջակցել առավել տաղանդավոր և նպատակասլաց երիտասարդների հետ, ծանոթացնել այլազգի մասնակիցներին Հայաստանի պատմամշակութային ժառանգությանը:

Յուրաքանչյուր անվանակարգն ունի միջազգային մասնագիտական հանձնաժողով, որի կազմում ընդգրկված են հայ և օտարերկրյա ճանաչված արվեստագետներ: ՀՊՄՀ-ի «Անի» վոկալ համույթը «Ակադեմիական երգեցողություն» անվանակարգում ներկայացրեց Էդ. Էլբակյանի Մանթաշին ստեղծագործության ակապելլա և Բ.Բրիտտենի Gloria from missa Brevis in D dur ստեղծագործությունները:

Հատկանշական է, որ «Անի» վոկալ համույթն ընդամենը մեկ տարեկան է, սակայն միջազգային երկու մրցույթ-փառատոնների դափնեկիր է:

Ի դեպ, «Վերածնունդ» փառատոնի կազմակերպիչների կողմից համույթը ստացավ հրավեր մասնակցելու ծրագրվող համերգներին: