«Հայ ժողովրդի համար շատ կարևոր է պետության, պետականության գաղափարը, ազատ և անկախ հայրենիքում ապրելու ձգտումը. նրա պատմությունը ոչ այլ ինչ է, քան պայքար անկախության և ազատության համար»,- Մանկավարժական համալսարանում «Ազգ, պետություն, հայրենիք, պետականության գաղափարը» խորագրով միջազգային գիտաժողովի բացմանը նշեց ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՊՄՀ-ի խորհրդի անդամ, բուհի դասախոս Էդուարդ Շարմազանովը:
Պատմության և իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ Հայաստանի Անկախության 25-ամյակին նվիրված ձեռնարկին մասնակցում էին Իսպանիայի, Ռուսաստանի, Հունգարիայի, ԼՂՀ-ի, ինչպես նաև մեր երկրի գիտակրթական մի շարք հաստատությունների, բուհերի ներակայացուցիչներ, ուսանողներ:
Գիտաժողովի նպատակն էր գիտական, հանրային շրջանակներում իրավագետների, պատմաբանների կողմից հերթական անգամ արժևորել պետականության հիմքում ընկած երեք հիմնական գաղափարները՝ հայրենիք, ազգ, պետական գաղափարախոսություն:
Էդուարդ Շարմազանովը պատմական փաստերով վստահեցրեց, որ անկախության և ազատության, անկախ հայրենիքում սեփական ճակատագիրը տնօրինելու ձգտումն է մշտապես առաջ մղել հայ մարտիկներին ռազմի դաշտում՝ սկսած Ք. ա. 2492 թ., երբ մեր նախահայր Հայկը հաղթեց Բելին, մինչև մեր օրեր՝ ապրիլյան քառօրյա պատերազմ:
«Մենք այլևս ունենք Անկախության սերունդ, որը պատերազմի ժամանակ ապացուցեց՝ ոչնչով չի զիջում արցախյան առաջին ազատամարտի հերոսներին, դեռ մի բան էլ գերազանցում է: Նրանց սխրանքը սխալվելու իրավունք այլևս չի տալիս, քանի որ նրանց ձգտումի շնորհիվ է, որ յուրաքանչյուր նոր սերունդ դաս է տալիս նախորդին: Մենք դարերով պետականություն չենք ունեցել, բայց պետականաստեղծ ազգ ենք»,-նշեց ԱԺ փոխնախագահն ու հիշեցրեց, որ անկախության ու ազատության ձգտումը մեզ չի լքել անգամ 1915թ-ին, երբ երիտթուրքերը կազմակերպեցին քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանությունը, Թումանյանը խոսեց Նոր Հայաստանի մասին:
Էդուարդ Շարմազանովը վստահեցրեց, որ ազատության, հայրենիքի և պետականության գաղափարին ծառայելու լավագույն միջոցն այն է, որ յուրաքանչյուրն իր գործն անի, ձգտի ցույց տալ ոչ թե ձևը, այլ առաջնորդվի բովանդակությամբ. «Պետք է մտածել ոչ թե ինչ կտա Հայաստանը մեզ, այլև՝ թե ինչ կարող ենք տալ մենք հայրենիքին. այդ ժամանակ կունենանք հզոր ու միասնական Հայաստան: Պետք է հասկանանք՝ հայի ճակատագիրը որոշվում է Արցախում, Արցախյան հարցը Հայկական հարցի մի դրսևորումն է, իսկ պատերազմը դեռ չի ավարտվել»:
Անդարադառնալով գիտաժողովի կազմակերպման նպատակներին՝ Պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանը հավելեց, որ երբ ազգը, պետությունը, անկախությունը ճանապարհ են անցնում, անհարժեշտություն է առաջանում գիտական հանրության կողմից ամփոփել եղածը՝ գնահատել ձեռքբերումները, ներկայացնել բացթողումները, անդրադառնալ հասարակական, մշակութային ու քաղաքական կյանքում արտացոլված թերություններին:
«Անկախության գլխավոր արժեքն ու ձեռբերումը անկախության սերունդն է, որն իր հայրենիքն այլ կերպ, քան անկախ, չի պատկերացնում՝ գիտակցելով, որ վաղն իր ուսերին է կրելու նախորդների հաջողություններն ու նպաստելու պետության զարգացմանը»,-նշեց Էդգար Հովհաննիսյանն ու հույս հայտնեց, որ նույն թեմայի շուրջ գիտաժողովները կլինեն ավանդական:
Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը տարիների հեռվից մտաբերեց՝ 25 տարի առաջ նման լսարաններում հավաքվում և քննարկում էին ազգային ազատագրական պայքարի շուրջ հարցեր. առաջընթացը նկատելի է՝ հիմա արդեն քննարկվում է պետականության կերտման և հայրենիքի, պետության պաշտպանության հարցերը:
Անկախացած երկրի ազգային կրթության զարգացման գործում Սփյուռքի դերակատարությանն անդրադարձավ Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի գիտաշխատող Եկատերինա Ռոևան՝ նշելով, որ 25 տարիների ընթացքում ՀՀ-ը հաղթահարել է բազմաթիվ դժվարություններ, սակայն հետխորհրդային մի շարք պետությունների նման նա էլ լայն հնարավարություն ունի զարգանալու և մեծ քայլերով առաջ գնալու:
Ռուս գործընկերը վստահեցրեց, որ որպես գիտական ոլորտի ներկայացուցիչներ, իրենք ևս քննարկում են առկա հարցերն ու խնդիրենրը, փորձում գտնել այդ հարցերի պատասխաները:
Երեք մասնաճյուղերում ընթացող գիտաժողովի ընթացքում զեկուցողներն անդրադարձան պատմությանը, իրավագիտությանը, միջազգային հարաբերություններին, քաղաքագիտությանն ու հոգեբանությանը վերաբերող խնդիրներին, օտարազգի մասնակիցներից մի քանիսն էլ ներկայացրին օնլայն զեկույցներ:
Նշենք, որ գիտաժողովի նյութերը կտպագրվեն Պատմության և իրավագիտության ֆակուլտետի «Պատմություն և հասարակագիտություն» գիտական տարեգրքում: