Քնարականությամբ հարուստ կյանքի տպավորությունները, երազանքներն ու հիասթափություններն արտահայտում են Երաժշտության ամբիոնի դոցենտ, արվեստագիտության թեկնածու Աննա Հարությունյանի երգերի և գործիքային պիեսների ժողովածուների բովանդակությունն ու զգայական տոնը։
Այսօր ՀՊՄՀ-ում կայացած «Հոգու խոստովանություն» խորագրով համերգ-շնորհանդեսին Մանկավարժական համալսարանի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողների և շրջանավարտների կատարմամբ հնչեցին Աննա Հարությունյանի՝ 8 վոկալային և 4 գործիքային ստեղծագործություն, որոնք ներառված էին հեղինակի երաժշտական ժողովածուներում։ Համերգի կոնցերտմայստերն էր Սյուզան Պետրոսյանը։
«Հոգու անուրջներ», «Տառապանք, թե սեր», «Պատրանք», «Մտորումներ», «Խոստովանություն»․Աննա Հարությունյանի ստեղծագործությունների հիմքում կյանքի շարժիչ ուժն է՝ սերն իր ամենատարբեր դրևորումներով։
«Երազանքն ի զորու է փոխել իրականությունը, մինչդեռ անուրջները լոկ հեռացնում են դրանց»․ համերգի ողջ ընթացքում երաժշտական ստեղծագործություններից յուրաքաչանյուրին նախորդում էր պոետիկ բնաբանը, ինչպես Երաժշտության ամբիոնի վոկալի դասախոս և համերգավար Մերի Կարապետյանն է նկատում՝ ունկնդրին համապատասխան հուզական տրամադրություն հաղորդելու համար։
«Հոգու խոստովանություն» խորագրով համերգ-շնորհանդեսին ներկա էին Աննա Հարությունյանի գործընկերները, երաժշտասերներ, նրա արվեստի երկրպագուներ, ուսանողներ։
Սիրված երգահան, կոմպոզիտոր Էդգար Գյանջումյանը old.aspu.am-ի հետ զրույցում բարձր գնահատեց Աննա Հարությունյանի արվեստը՝ նկատելով, որ նրա երաժշտությունն իր նման է՝ բարի, լուսավոր, օգնող և պայծառ․ «Այսօր ներկայացված երաժշտական ստեղծագործությունները լրացնում էին միմյանց․ ես դրանք ամբողջականության մեջ այս տեսա»։
«Ամեն սկզիբ իր ավարտն ունի»․ համերգային վերջին կատարումը հնչեց հեղինակի՝ Աննա Հարությունյանի նվագակցությամբ, իսկ «Հոգու խոստովանություն» խորագրով համերգ-շնորհանդեսը եզրափակեց «Նվիրում» գործի տեսահոլովակը՝ նվիրված արցախյան վերջին պատերազում իրենց կյանքը զոհաբերած հայորդիներին։
«Սիրենք միմյանց․ կյանքն այնքան կարճ է, լոկ մի ակնթարթ։ Բոլորս պետք է ապրենք այնպես, որ կյանքը դառնա գեղեցիկ նախերգանք՝ դեպի հավերժություն»․այսպիսին էր Աննա Հարությունյանի համերգային հրաժեշտն իր ունկնդիրներին։