ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Աննա Հեքեքյան.«Բառն ունի գույն, կշիռ և ծանրություն»
04.04.2017
Աննա Հեքեքյան.«Բառն ունի գույն, կշիռ և ծանրություն»

«Բեմական խոսքը բեմից հնչած գեղարվեստական խոսքն է, որը հիմնվում է գրագետ խոսքի վրա: Այն, ինչ լսում են ենք հեռուստատեսությամբ՝ հաճախ խանգարում է հասկանալ՝ ո՞վ ենք մենք, և ի՞նչ է հայերեն խոսքը»,-այսօր Մանկավարժական համալսարանի Սկզբնական կրթության ֆակուլտետի Մանկավարժություն և մեթոդիկա մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողների հետ հանդիպման ժամանակ նշեց Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսոր Աննա Հեքեքյանը:

Վերջինս նկատեց, որ դպրոցում թեպետ սովորեցնում են հայերենի ուղղագրությունը, կետադրությունը, սակայն աշակերտն այդպես էլ չի իմանում, թե ինչ է գրագետ խոսքը և հորդորեց ապագա մանկավարժներն իրենց գործունեության ընթացքում առավել մեծ ուշադրություն դարձնել այդ խնդրին:

«Գեղարվեստական խոսք և ընթերցանություն» թեմայի ընթացքում Աննա Հեքեքյանը մանրամասնեց բանավոր խոսքի կանոնները, ապա անդրադարձավ հնչերանգին և նշեց, որ հենց դրանով են լեզուները տարբերվում միմյանցից.« Շատ կարևոր է, որ բանավոր խոսքը լինի գագետ: Բառերը կարելի է փոխառնել  և դա ողբերգություն չէ, սակայն հնչերանգի աղավաղումը բերում ազգային ոգու աղճատման»:

Պրոֆեսորը մանկավարժի համար պարտադիր պայման համարեց  մշակված  և «կուլտուրական ձայն» ունենալը՝ նկատելով, որ  մասնագետների շրջանում գոյություն ունի «խելացի ձայն» եզրույթը. ձայնից անգամ կարող ես զգալ կարդացած է մարդը, թե ոչ:

Աննա Հեքեյանը մեկ այլ խնդիր համարեց խոսքի անընդհատականությունն ու խորհուրդ տվեց զրույցի ընթացքում հաճախ դադար տալ.այն ապահովում է հետադարձ կապը, շփումն ու առավել հասկանալի դարձնում ասելիքը, խոսքի շարունակականությունը:

Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսորը կարևորեց նաև հնչյունի «գունավորումը», որպեսզի դիմացինը տեսնի թե ինչի մասին է խոսքը և ապագա մանկավարժներին խորհուրդ տվեց կարողանալ և սիրել աշխատել բառի հետ՝ այն ունի գույն, կշիռ և ծանրություն: 

Վարպետաց դասի ընթացքում ուսանողները գործնականում հնարավորություն ունեցան հասկանալ ու շտկել բանավոր խոսքի թերություները.« Գեղեցիկ ձայնով և հայերեն հնչերանգով խոսելուց զատ, պետք է կարողանալ աշակերտին տրամաբանորեն հասցնել այն միտքը, որ գրված է տեքստում: Կարդալու համար պետք է տիրապետել բարձրաձայն ընթերցանության բոլոր կանոներին, որոնք շատ են: Ուսուցչի աշխատանքը ծանր, բայցև շնորհակալ գործ է»,-հավելեց բանախոսը:

Մայրենիի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պորֆեսոր Ջուլիետա Գյուլամիրյանը շնորհակալություն հայտնեց հանդիպման համար՝ այն համարելով բովանդակալի, հարուստ ասելիքով, որի ընթացքում ներկայացված նյութը հետաքրքրեց բոլորին: