Այսօր Մանկավարժական համալսարանն իր հարկի ներքո կրկին հյուրընկալել էր Հայաստանի պետական կամերային նվագախմբին՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ:
Նվագխմբի երկրորդ այցելությունն իր ձևաչափով բացառիկ էր ու աննխադեպ. Կամերային նվագախումբն առաջին անգամ համերգային ծրագրով համատեղ հանդես եկավ Մանկավարժական համալսարանի Գեղարվեստական կրթության և Կուլտուրայի ֆակուլտետների դասախոսների և ուսանողների հետ:
Նվագախմբի կատարմամբ հնչեցին Մոցարտի թիվ 21 «Դո Մաժոր», Գլագունովի Սաքսոֆոնի համար գրված կոնցերտները, Առնո Բաբաջանյանի, Մակար Եկմալյանի, Էդվարդ Միրզոյանի, Արդիտի, ստեղծագործությունները:
Հանդես եկան Երաժշտության մանկավարժության ամբիոնի պրոֆեսոր Հենրի Սիմոնյանը, միջազգային մրցույթների դափնեկիր, նույն ամբիոնի դոցենտ Շաքե Թադևոսյանը, հանրապետական մրցույթների դափնեկիր, դասախոս Արմինե Օջախյանը, Երաժշտության բաժնի մագիստրատուրայի 2-րդ և Կուլտուրայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողներ Ալբինա Տիգրանյանն ու Արսեն Հաջյանը:
Համերգն արժանացավ ներկաների ջերմ ընդունելությանը՝ ևս մեկ անգամ ապացուցելով, որ բուհում անցկացվող և արդեն ավանդույթ դարձած դասական համերգները սպասված են:
Այդ մասին խոսեց նաև Կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարիտիրոսյանը, ով չթաքցրեց՝ Մանկավարժականում ստացած ջերմությունն անփոխարինելի է .«Դուք հպարտանալու տեղ ունեք. ինձ համար իսկական բացահայտում ու հայտնություն էր Մանկավարժական բուհի դասախոսական և ուսանողական կադրերի տաղանդը: Ես հպարտ եմ, որ այստեղ աշխատում և սովորում են որակյալ երաժիշտեր. անհամբերությամբ սպասում են հաջորդ հանդիպմանը»,-հավելեց նա:
Մշակույթի կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Արկադի Շեկունցը, ում նախաձեռնությամբ կազմակերպվել էր ձեռնարկը, old.aspu.am-ի հետ զրույցում անկեղծացավ, նշելով, որ նվագախմբի հետ նման համագործակցությունն իր համար երազանք էր.«Վերջին շրջանում բուհն ակտիվորեն համագործակցում է տարբեր նվագախմբերի հետ.սա լավագույն ձեռնարկն էր, որի ընթացքում հնարավոր դարձավ իրականացնել այս գաղափարն ու ներկայացնել մեր բուհի տաղանդավոր երաժիշտների մի փոքրիկ մասին միայն: Հուսով եմ՝ մեր համագործակցությունը կշարունակվի և առաջիկայում մյուս լավագույնները նույնպես կներգրավվեն նախագծում»,-հավելեց նա: