ՀՊՄՀ-ի Ռուս և արտասահմանյան գրականության ամբիոնի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների թեկնածու, վաստակաշատ մանկավարժ Էդուարդ Նուրալովը հուլիսի 1-ին կդառնար 90 տարեկան։
Մանկավարժության և գիտության հանդեպ ազնվությունն ու հավատարմությունը բնորոշ են Էդուարդ Նուրալովին։ Նա սիրով էր զբաղվում իր գործով, գիտեր իր առաքելությունը, վստահ էր սեփական հետազոտությունների պիտանելիությանն ու կարևորությանը։
1932 թվականին Թբիլիսիում ծնված Էդուարդ Նուրալովը 1951 թվականին դպրոցն ավարտելուց հետո ընդունվում է Ժդանովի անվան Երևանի պետական մանկավարժական ինստիտուտ։
1955 թվականին գերազանցությամբ ավարտում ինստիտուտը, Ռուս և արտասահմանյան գրականության ամբիոնում աշխատում որպես ասիստենտ, միաժամանակ դառնալով ամբիոնի ասպիրանտ։ 1967 թվականին պաշտպանում է թեկնածուական ատենախոսությունը, 1970 թվականին ստանում դոցենտի, իսկ 1992 թվականին՝ պրոֆեսորի կոչում։
Պրոֆեսոր Նուրալովը երկար տարիներ դասավանդել է մեր երկրի առաջատար բուհերում, ղեկավարել ամբիոն, եղել ֆակուլտետի դեկան․ 2004-2012թվականներին՝ մինչև կյանքի վերջին օրերը, աշխատել է Մանկավարժական համալսարանում։
Պարգևատրվել է «Աշխատանքի վետերան», «Մովսես Խորենացի» ոսկե մեդալով, արժանացել մի շարք պատվոգրերի և շնորհակալագրերի։
Նուրալովի գիտական հետաքրքրությունների շրջանակը Լև Տոլստոյի գրական անծայրածիր և անսպառ ժառանգությունն էր։ Նրա՝ «Տոլստոյի էսթետիկ հայացքները», «Տոլստոյի էսթետիկան գրական քննադատության մեջ» աշխատությունները նորարարություն էին, այլ փուլ՝ հայրենական գրականագիտության մեջ։ Դրանք հատուկ ուշադրության և բարձր գնահատականի են արժանացել մի շարք անվանի տոլստոյագետների կողմից։
2 մենագրության, 2 ուսումնական ձեռնարկի, 5 գրքի և շարք հոդվածների հեղինակ է։
Անվանի մանկավարժ, բանասեր, իր գործի գիտակ, պրոֆեսոր Էդուարդ Նուրալովը կյանքից հեռացավ՝ թողնելով այն մտայնությունը, որ նա, ով կոչված է իր գործին, կարող է «սուրբ» համարվել։
Լև Տոլստոյն ասում էր՝ կատարյալ ուսուցիչ է նա, ով միավորում է սերն առ իր գործն ու աշակերտները։ 100-ամյա մանկավարժական բուհի այն երջանիկները, ովքեր ճանաչում էին կամ ում դասավանդել է Էդուարդ Նուրալովը, կհաստատեն՝ այս տողերը բնութագրում էին անվանի մանկավարժին։
Էդուրադ Նուրալովի՝ սիրելի մանկավարժի մասին հիշողությունները վառ կմնան նրա ուսանողների, նրան ճանաչողների սրտերում։