Հատուկ կրթության ֆակուլտետի Նախադպրոցական հատուկ մանկավարժություն և հոգեբանություն բաժնի 1-ին կուրսի ուսանողները օրերս այցելել էին Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն՝ դասախոս Սվետլանա Մուրադյանի նախաձեռնությամբ:
Ուսանողների նախաամանորյա այցի նպատակն էր ոչ միայն նվերներ, ժպիտներ, տոնական տրամադրություն փոխանցել մանկատան սաներին, հեքիաթային դարձնել նրան առօրյան, այլև ևս մեկ անգամ համոզվել մասնագիտության ընտրության հարցում:
«Առաջին անգամ էինք մանկատանը, ինչից հետո ամեն ինչ առավել քան պարզ է՝ նրանք ունեն մեր կարիքը»,-old.aspu.am-ի հետ զրույցում նշեցին ապագա հատուկ մանկավարժները՝ խոստովանելով, որ մինչև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ հանդիպելը երբեմն մտածել են մասնագիտական ուղղությունը փոխելու մասին:
Հատուկ մանկավարժության հիմունքներ առարկայի դասախոս Սվետլանա Մուրադյանը ուսանողների այցն ու երեխաների հետ անմիջական շփումը կարևորեց նաև տեսական գիտելիքները գործնականում ամրապնդելու տեսանկյունից՝ վստահեցնելով, որ նման այցերը կլինեն շարունակական: