«Մամուլի ազատությունը ինքնանպատակ չէ, այլ հասարակությանը ճշգրիտ տեղեկատվություն հաղորդելու միջոց, ինչը վեր է ամեն ինչից: Լրագրողը պետք է գործի անկաշկանդ, ազատ, տարածի միայն անաչառ, փաստերի վրա հիմնված լրատվություն»,- «Բաց դաս» ծրագրի շրջանակներում Ազգային ժողով այցելած ՀՊՄՀ հեռուստալրագրության բաժնի ուսանողների և դասախոսների հետ հանդիպմանը նշեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը։
Պատգամավորը, կարևորելով մեդիագրագիտության կանոնների պահպանումը, ապագա լրագրողներին հորդորեց մատուցել օբյեկտիվ տեղեկատվություն։
Բաբկեն Թունյանը, անդրադառանալով ԶԼՄ-ի վերահսկողությանը, նկատեց՝ լրագրողները չպետք է վնասեն՝ իրականացնելով սոսկ քարոզչություն, այլ լինեն կամուրջ հասարակության համար։
Պատգամավորը, խոսելով տարիներ առաջ ծավալած լրագրողական գործունեության մասին, նկատեց՝ խոսքի ազատության առումով այդ մասնագիտությամբ զբաղվելն առավել շահեկան էր․«Այսօր մեր մամուլն ազատ է, սակայն որակի տեսանկյունից, նշաձողը շատ է իջել։ Մեր երկրում անհրաժեշտ է վերանայել գրագիտության և կրթության հարցը»։
Աբովյանականների հետ հանդիպմանը ներկա էր նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Ստեփանյանը:
Բանախոսներն անդրադարձան նաև հեռուստաընկերությունների գործունեությանը, մեդիագրագիտության խնդիրներին։
Պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը ներկայացրեց մարզերից ընտրված պատգամավորների գործունեության կարևորությունը, ընդգծեց բնակչության խնդիրների լուծման համար տարվող աշխատանքների անհրաժեշտությունը։
Հանդիպման ընթացքում օրենսդիրները ներկայացրին նաև խորհրդարանի կառուցվածքը, անդրադարձան մշտական հանձնաժողովների աշխատանքներին, գործառույթներին։
ՀՊՄՀ ուսանողները ներկա եղան նաև ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին, ապա Քաղաքացիների ընդունելության և փաստաթղթաշրջանառության վարչության աշխատակից Սրբուհի Աթանեսյանի ուղեկցությամբ այցելեցին Ազգային ժողովի թանգարան, ծանոթացան խորհրդարանի գործունեության և շենքի կառուցման պատմությանը, ցուցանմուշներին, գրադարանում առկա հարուստ գրականությանը, շրջեցին ԱԺ-ի այգում, հարգեցին 1999 թվականի հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը։